Հանձնաժողովը շեշտում է՝ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որը 1975 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ-ի այլ պարտավորությունների կատարումը վերահսկելու և խրախուսելու համար ստեղծված ամերիկյան անկախ պետական գործակալություն է, թվիթերյան գրառման մեջ կոչ է արել «անհապաղ» վերաբացել Լաչինի միջանցքը: Հանձնաժողովի երկու գրառումների մեջ, մասնավորապես, ասվում է.

«Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար»:

Մեկ այլ գրառման մեջ հանձնաժողովը հավելում է.

«Այս անհանգստացնող իրավիճակը ևս մեկ վկայություն է, որ Ռուսաստանը հուսալի անվտանգության մատակարար չէ, և ոչ էլ լեգիտիմ միջնորդ խաղաղության համար Հարավային Կովկասում կամ այլուր։ Հերթական անգամ Մոսկվան որպես գործիք է օգտագործում հայկական և ադրբեջանական տառապանքները սեփական ցինիկ, դաժան շահերը հետապնդելու համար»,- նշել է հանձնաժողովը:

Pin It on Pinterest