Հասարակական կազմակերպությունները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում, ասված է նրանց հայտարարության մեջ։

«Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի)», — նշում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունները։

Երեկ վարչապետի առաջադրմամբ՝ Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

Ըստ նրանց՝ նման նշանակումներով քաղաքական իշխանությունը, ըստ էության, ոչ միայն խրախուսում է բարեփոխումների գործընթացին դիմադրողներին, այլև վերացնում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի նկատմամբ վստահությունը։

«Մենք համարում ենք, որ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսևորումների նորանոր ծաղկմանը և բարեփոխման արժեքներին տրամագծորեն հակասող այլ ավանդույթների վերահաստատմանը», — շեշտում են ՀԿ-ները՝ հավելելով, որ անիմաստ են համարում իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest