44-օրյա պատերազմից 2 տարի անց Հայաստանի եւ Արցախի այն ժամանակվա պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Միքայել Արզումանյանը կալանքի տակ են։ Երկուսի գործերի մեջ առեւրեւույթ քաղաքական-իրավական կազուս գոյություն ունի։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը օրերս հայտարարություն է տարածել, ըստ որի «ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը» եւ այլն:

«Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով»,- նշված է Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործով դատարանն այդպես էլ բուն դատաքննությունը չի սկսել։

Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։

Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4.6 միլիոն դոլարի հափշտակություն։ Պաշտպանական կողմն այս մեղադրանքերը չի ընդունում, ավելին՝ պաշտպանները պնդում են՝ հրթիռները ժամկետի մեջ են եղել։

ՀՀ համապատասխան մարմինների՝ «իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է դարձել, 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին», — հայտարարել է ավելի վաղ Տոնոյանը։

«Երրորդ երկիրն»՝ ամենայն հավանականությամբ Ռուսաստանն է, որը բազմաթիվ պայմանագրերով Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եւ զենքի մատակարարումները կատարվում են հիմնականում Ռուսաստանից։ Ընդ որում, ըստ ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների՝ նույնիսկ այլ երկրներից զենք գնելու համար անհրաժեշտ է ՌԴ համապատասխան թույլտվություն։

Զենք գնելու հարցում Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշումն ու որոշ դեպքերում «այլընտրանք չթողնելը» գաղտնիք չէ, եւ «հռթիրների պատմությունն» անհնարին է պարզել առանց ռուսական կողմին «մեղադրելու»։

2022 թ․ սեպտեբերի 10-ին 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։ Նա կալանավորվել է։

Հետաքրքիր է, որ Արցախի ռեզիդենտ Արզումանյանին կալանավորել են ՀՀ իրավապահներն, եւ Շուշիի մարտերի հետ կապված մեղադրանքը եւս ՀՀ քննչական մարմիններն են ներկայացրել։

Նախկին բարձրաստիճան զինվորականը, ով կալանքի պահին Արցախի նախագահի խորհրդականն էր, ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։

Ըստ հաղորդագրության, Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Իրավապահների պնդմամբ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։

Միքաել Արզումանյանի գործը մի շարք հարցեր է առաջացնում․ արդյո՞ք ՀՀ պետական մարմիններն իրավասու են ձերբակալել Արցախի պաշտպանության նախկին նախարարին՝ Արցախի տարածքում ենթադրյալ հանցագործության մեջ կասկածանքով։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես իրեն մասնակից է համարում 44-օրյա պատերազմին եւ ի՞նչ կարգավիճակով։ Արդյո՞ք Հայաստանի հանրապետությունը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին, կամ հակառակը՝ Սդրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին։ Եւ որպես ի՞նչ է ՀՀ վարչապետը ստորագրել եռակողմ հայտարարությունն, որով առանց որեւէ կրակոցի հանձնվել են Արցախի իրավասության տակ գտնվող երեք շրջաններ՝ Աղդամը, Քաշաթաղը եւ Քարվաճառը։ Դա համարվո՞ւմ է հանցագործություն։

Եթե տվյալ հարցերի պատասխանները չկան, ապա ոչ միայն չկա Արզումանյանին կալանավորելու հիմք, այլեւ նրա նախադեպով իրավական հիմք է ստեղծվում Հայաստանը որպես զավթիչ երկիր ներկայացնելու։

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest