2022 թվականի դեկտեմբերի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ, 46 տարեկան Արման Խ-ն։

Քրակատարողական ծառայությունը դատապարտյալի մահվան վերաբերյալ մի քանի հանգամանք է հայտնել՝ որ դատապարտյալի  առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, նրան տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա հետ են բերել՝ ազատազրկման վայր։

«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին՝ Ժամը 01:10-ի սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը»:

Ստացվում է, որ «Էրեբունի» ԲԿ-ում հիվանդին չեն կարողացել օգնել, հետ են ուղարկել ՔԿՀ, որտեղ նա մահացե՞լ է։ Գուցե, նրան ուշացա՞ծ են տարել հիվանդանոց։

Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը ասում է, որ դատապարտյալին ուշ չեն տարել հիվանդանոց․ «Եթե նույնիսկ շատ ուշ են տարել, այնտեղից իրեն ամբողջւթյամբ կարգին վիճակում հետ են բերել»։

Ըստ Նաիրա Բաբայանի, դատապարտյալը տառապել է բազմաթիվ հիվանդություններով, որոնցից հիմնականը թմրամոլությունն էր։ Մեթադոնային բուժում է ստացել կալանավայրում։

«Նա մեթադոնային ծրագրից օգտվող անձ էր, որն ունեցել է վարքի խանգարումներ, տառապել է թմրամոլությամբ և թմրամոլության հետևանքով անձի խանգարումներով։  Հեպատիտ Ց է ունեցել, որը բուժված է եղել, անամնեզում ունեցել է նաև Քովիդ-19»։

Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ մեր աղբյուրը, որն ականատես է եղել ամենին, պատմում է , որ

այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, երբ որ եկել է Մեթադոն դեղամիջոցն ընդունելու ժամը և հիվանդները եկել են մեթադոն ստանալու,  խցակիցներից մեկն ասել է՝ բա Արմանը ո՞ւր է։

«Ասեցին՝ չգիտենք, քնած ա, առավոտն էլ կոֆե էինք խմում, ինքը չեկավ։ Բուժքույրն անհանգստացավ, մեթադոնը տեղավորեց սեյֆը ու գնաց Արմանի մոտ, տեսավ, որ կիսագիտակից վիճակում ա»։

Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը  պատմում է, որ «Նուբարաշեն» բերդի աշխատակիցները դատապարտյալին հայտնաբերելուն պես շտապօգնություն են կանչել, նրան տարել են «Էրեբունի» ԲԿ-ի  վերակենդանացման բաժանմունք, ուշքի են բերել, որից հետո վերադարձրել են բերդ։

«Դրանից հետո իմ միջնորդագրի հիման վրա նրան տարել են «Դատապարտյալների հիվանդանոց», որ մշտական բժշկական հսկողության տակ լինի։ Հիվանդն իր ձեռքով գրել է դիմում պետի անունով, որ հրաժարվում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և ցանկանում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որ բուժումը ստանա այնտեղ։  Նրան վերադարձրեցին խուց։ Դրանից հետո կանչում են բժիշկներին և ասում են, որ դատապարտյալը հանկարծամահ է եղել և չի շնչում։ Վերջնական եզրակացությունը կպարզվի բժշկական փորձաքննությունը», — Forrights.am-ին հայտնեց Նաիրա Բաբայանը։

Արման Խալեփյանը ուներ ընտանիք և երեխա։ Նա մի քանի անգամ դատապարտված է եղել մանր գողությունների և հափշտակությունների համար։ Վերջին «ժամկետը» ստացել է «Օպել» մակնիշի մեքենայից փոխանցման տուփ և նվագարկիչ հափշտակելու համար։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest