Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ հարցազրույց քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ․
Պարոն Վարդանյան, արդեն 10-րդ օրն է՝ փակ է Արցախը հայաստանին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքի շուրջ միջազգային արձագանքը բավարա՞ր է, թե՞՝ ոչ։
Կարող ենք նշել՝ բավականին կոշտ և հասցեական արձագանք է, կարծում եմ՝ այդ արձագանքը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը շտապ կարգով՝ առանց նախապայմանների բացի Լաչինի միջանցքը։
Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ Արևմուտքն ադրբեջանական բնական ռեսուրսների կարիքն ունի և Ադրբեջանի՝ թուրքական աշխարհի մաս լինելու հանգամանքերը հաշվի առնելով օգտվում է առիթից և խաղադրույքները բարձրացնում է։ Մտածում է, որ միանգամից կոշտ քաղաքականություն իր նկատմամբ Արևմուտքի կողմից չի իրականացվի և մի շարք կետեր է ներկայացնում։
ՄԻԵԴ-ի կողմից այդպես էլ հստակ արձագանք չեղավ, սա ի՞նչ է նշանակում։ Հնարավո՞ր է՝ միջազգային դատարանը հայկական կողմի համար օգտակար որոշում հրապարակի։
Մենք չպետք է ՄԻԵԴ-ից սպասենք այն, ինչը չպետք է սպասենք, բայց մյուս կողմից էլ միջազգային կառույցները շատ կարևոր են Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու առումով։ Ամեն մի պետության կոշտ հյտարարությունը մի գործոն է, որը նպաստում է Ադրբեջանի վարքի փոփոխությանը, բնականաբար նաև միջազգային կազմակերպությունների։ Որևէ առանձին ինստիտուտ իվիճակի չէ փոխել Ադրբեջանի վարքը, ամբողջությունը կարող է որոշակի ազդել Ադրբեջանի վարքի վրա։
Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմում չեզոք դիրք գրավելով իր ծառայություններն է առաջարկում արևմուտքին և օգտվում է այն առիթից, որ ՌԴ-ն որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող գտնվում է Լաչինի միջանցքում, կարող է Արևմուտքին ասել, որ ձեր չսիրած ՌԴ-ն է, ինքն է մեղավոր, թույլ չի տալիս, որ մոնիթորինգ իրականացնեմ։ Սա կարող է որոշակի ազդել միջազգային հանրության դիրքորոշման վրա, այնպես չէ, որ միջազգային հանրությունն էլ ամբողջությամբ տրվում է ադրբեջանական մանիպուլյացիաներին , բավականին կոշտ պատասխանում է։ Միջազգային հանրությունը պատրաստ չէ միանգամից այնպիսի ճնշում բանեցնել, որ Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը, որովհետև Ադրբեջանն էլ ունի իր լծակները։ Կարծում եմ՝ եթե միջազգային հանրությունը տեսնի, որ ծայրահեղ հումանիտար վիճակ է ստեղծվել Արցախում, այդ դեպքում կարող է շատ կոշտ ճնշումների եղանակով գնալ։ Ադրբեջանը գիտի, որ երկար չի կարող փակ պահել։
Իսկ ռուսական կողմի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։ Նշվում է՝ խաղաղապահները մանդատ չունեն, որ գործողություններ իրականացնեն, սակայն, կա հակադարձում՝ ասում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հենց բխում է, որ խաղաղապահները պետք է ապահովեն Լաչինի միջանցքով անխափան կապը։ Հիմա խաղաղապահները ի՞նչ պետք է անեն։
Ռուս խաղաղապահներն ունեն կոնկրետ գործառույթ և ՌԴ-ն ստանձնել է որոշակի պարտավորություն։ Անկախ նրանից՝ արդյո՞ք կա մանդատ, մանդատում գրավա՞ծ են մանրամասներ, թե ինչպես պետք է այն ամենն իրականացվի, ՌԴ-ն այդ պարտավորությունը վերցրել է իր վրա։ Եթե վերցրել է այդ պարտավորությունը, ուրեմն պետք է կարողանա իրականացնի գործողություններ, որոնք կհանգեցնեն նրան, որ ինքը իր պարտավորությունը կկատարի։ ՌԴ-ն չի կարող հայտարարել՝ ես իմ պարտավորությունը չեմ կարողանում կատարել, որովհետև իմ պարտավորությունների կատարման մեխանիզմը չկա։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է, որ պարտավորություն ես ստանձնել։
Ակնհայտ է, որ ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունը։ Ի՞նչ պետք է արվի․ սանկցիայի կիրառման մեխանիզմ կա՞, ոչ։ Միջազգային մանդատ չկա, միջազգային կազմակերպությունների տիրույթում չի սա։ ՀՀ-ն որպես հայտարարության ստորագրողներից մեկը իրավունք ունի ասել ՌԴ-ին, որ պայմանավորվածությունը խախտում է։
Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն այս իրավիճակում։
Չկա ոչ մի բան։ Այստեղ միայն մնում է շահագրգռելու քաղաքականությունը։ Հայաստանը պետք է ցույց տա, թե Ռուսաստանին, թե Ադրբեջանին, Թուրքիային, որ այ, եթե դուք այս-այս քայլերն անեք ձեզ համար ավելի շահեկան է լինելու, քան՝ հակառակը, եթե չանեք այդ քայլերը։ Դժվար է ասել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, ամբողջ հարցը սա է։ Հայաստանի վերնախավաը, փորձագիտական կողմը, դիվանագիտական կորպուսն անելիք ունեն։ Արտառոց է, չկան մեխանիզմներ հարցը էֆֆեկտիվ լուծելու առումով։ ՌԴ-ն չունի ցանկություն կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ ունի տարբեր շահեր։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։