Տասնյակ տարիներ առաջ համեմատաբար խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, որոնց նաև անվանում էին սևազգեստ մայրեր, այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ բոլոր այն մարդիկ, ում վերաբերյալ հանցագործություններ կբացահայտվեն և կլինեն հիմնավորումներ, տվեք ապացույցները և տեսեք՝ ինչ ենք անելու: Քուանշ պարոն վարչապետ, որովհետև ում անունը տվել են կամ նրա պաշտոնն է բարձրացել, կամ ուսադիրներն են ավելացել: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ խոստացել էր, որ կուսումնասիրվեն քրեական գործերը ու ընթացք կտրվի», -այսօր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Նրա խոսքով, Աննա Վարդապետյանը իակ պաշտոնյան է, որը լավագույնս է տիրապետում զինծառայողների մահվան վերաբերյալ քրեական գործերին, գիտի ամեն ինչ մանրամասնությամբ:

Նկատենք, որ Աննա Վարդապետյանը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրելու հարցով աշխատանքային խմբի ղեկավարն էր:

«Տիկին Վարդապետյան, պարոն Փաշինյան, դուք շարունակում եք հովանավորել հանցագործներին: Իմաստը ո՞րն է այս ամենը անվանել բարեփոխում, շարունակում եք պահել հանցագործներին: Սրանք այն գործերն են, այն լակմուսի թուղթն է, որով կարող էր ապացուցել՝ ի վիճակի է լինել գլխավոր դատախազ», -հայտարարել է Կարապետյանցը:

«Երբ մտանք Նիկոլ Փաշինյանի մոտ, ասեցի՝ պարոն Փաշինյան, եթե հանցագործ Հայկ Գրիգորյանին (նկատի ունի Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, այժմ՝ ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին) բերում, պաշտոն եք տալիս, ո՞վ պտի պատասխան տա իմ տղայի սպանության համար, Հայկ Գրիգորյանի մատը խառն է իմ տղու սպանության մեջ: Պատասխանում ա՝ բա տիկին Իրինա, ի՞նչ եք ասում, բոլորին պիտի հանե՞նք աշխատանքից: Հայկ Գրիգորյանի մատով ա իմ երեխու սպանության գործը կոծկվել, ինչի՞ են բերել պաշտոն տվել», -Փաշինյանի հետ զրույցից դրվագ ներկայացրեց Իրինա Ղազարյանը, որը 2010-ին բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրն է:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest