44 օր շարունակվող պատերազմում  Վարդգես Ղազարյանը թշնամու դեմ՝ հանուն հայրենիքի, պայքարել է 42 օր։ Զոհվել է Շուշիի մարտերի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին։ Վարդգեսը 42 օր հայրենասիրությունը դրսևորել է բոլոր առումներով․ փրկել է շրջափակման մեջ հայտնված ծառայակից ընկերներին, հարևան դիրքեր սնունդ ու ջուր է հասցրել, վիրավոր հրամանատարին ու ընկերոջն է օգնել, բայց որևէ անգամ չի դժգոհել։ Ծնողների և մյուս հարազատների հետ հեռախոսազրույցներում միայն հուսադրող խոսքեր է ասել՝ նույնիկս, երբ թշնամու կրակոցները մարտի դաշտից լսվել են հայրենի Զովասար գյուղում։

«10 հոգի ընկել են շրջափակման մեջ, ընկերը, որ շրջափակման մեջ էր եղել, պատմեց՝ Վարդգեսը գնացել է Շուշիում շրջափակման մեջ հայտնվածներին անվնաս հանել է»,-որդու սխրագործությունները հպարտությամբ հիշում է հայրը՝ Սեդրակ Ղազարյանը։

Վարդգեսը ծառայության էր մեկնել Հադրութ, պատերազմի հենց առաջին օրը եղել է առաջնագծում։ Այստեղ նա ևս հայտնվել է շրջափակման մեջ, շուրջ 5 օր ընտանիքը Վարդգեսից որևէ տեղեկություն չի ունեցել՝ մինչև հոկտեմբերի 15-ը, երբ դուրս է եկել շրջափակումից։  «Հոկտեմբերի 27-ին Հանդրութից դուրս են բերել, տարել են Մարտունի 2, որ խոսակցություններ կան՝ հոկտեմբերի 10-12-ին Հանդրութը տված է եղել, բայց իրենց այդ ժամանակ Հանդրութում են եղել»,-ասաց հայրը։

Հայրն ասում է՝ Հադրութից Մարտունի 2 ոտքով են եկել, քայլել են 70 կմ և կրկին շարունակել պատերազմել թշնամու դեմ։ Որոշ ժամանակ մնացել են Խնձրստան գյուղում, իսկ նոյեմբերի 4-ի գիշերը՝ լույս 5-ին, Շուշի բարձրանալու հրաման են ստացել։ «Նոյեմբերի 5-ին զանգեց ու ասաց, որ Շուշիում է, 6-ին էլ ենք խոսել, 7-ին՝ ժամը 11-ի կողմերը 20 րոպե իմ հետ է խոսել»,-ասաց հայրը՝ նշելով, որ այդ օրը Վարդգեսը խոսել է ընտանիքի բոլոր անդամների և մոտ հարազատների հետ։ Այս օրն էլ վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից։

Վարդգեսը մինչ վիրավորվելը ընկերներին սնունդ է տարել Շուշիից ոչ հեռու գտնվող Իսահակի (Իսաբուլաղի) աղբյուրի մոտ, երբ վերադարձել է, ընկերը վիրավորվել է  դիպուկահարի կրակոցից։ Վարդգեսը նրան անմիջապես օգնության է հասել։ «Խփում են ձեռքին, վիրավորվում է։ Վարդգեսն այդ ժամանակ դիրքից դուրս է գալիս, այդ ժամանակ խփում են ոտքին։ Մենք, որ իրեն գտանք ժգուտը ոտքին էր»,-ասաց հայրը։

Նոյեմբերի 7-ը Վարդգեսի ու ծնողների վերջին խոսակցություն օրն է եղել։ «Ամսի 8-ին, որ չզանգեց, համարյա բոլոր զինվորների համարները հիշում էի, զանգեցի, բայց չպատասխանեցին։ Մինչև ամսի 9-ին՝ ժամը 4-ին իր հեռախոսին զանգ էր գնում, հետո անհասանելի դարձավ։ Ինձ երկար ժամանակ չէին ասում, մեր հարազատներից մեկը, որը Սեդրակի հետ Վարդգեսին էր փնտրում, հեռախոսը վերցրեց ու ասեց՝ Ազնիվ, էրեխեն թեթև վիրավոր է, մեր հետ բերում ենք տուն, մինչև հիմա սպասում եմ․․․»,-ասաց մայրը՝ տիկին Ազնիվը։

Սեդրակ Ղազարյանը նոյեմբերի 10-ին մեկնում է Արցախ՝ որդուց մի լուր ստանալու հույսով։ «Մեզ ասացին, որ Շուշիի զորքը Խնձրստան գյուղում է, մի 100 հոգի չէր լինի, 450 հոգուց 80 հոգի էր մնացել։ Զինվորների հետ խոսեցի, հասկացա, որ էրեխեն չկա, մնացել է այնտեղ, զոհվել է․․․»։

Որդին անկազմակերպ պատերազմի զոհ է դարձել, ասում է Սեդրակ Ղազարյանը։ Նա շեշտում է՝ այս եզրահանգմանը եկել է ոչ միայն Արցախում զինվորների հետ շոսելիս, այլ նաև, երբ կամավորագրվել էր որդի կողքին լինելու համար, սակայն, այդպես էլ նրան չեն թողել գնալ Վարդգեսի մոտ։ Սեդրակ Ղազարյանը նշում է՝ հրամանատարական կազմի երկու տեսակ է եղել՝ զինվորի համար կյանքը չխնայող և հանուն սեփական կյանքի զինվորին լքող։

«Զինվորներն ասում են, որ հրամանատարները փախել են։ Վարդգեսենց հրամանատարը Հադրությում եղել է Դավիթ Ղազարյանը, որը շատ ազնիվ ու քաջ է եղել, էրեխեքին պահել է հոյակապ։ Զոհվել է։ Կարմիր Շուկայում իրենց հրամանատարն են տվել Վարուժ Շահնազարյանին և մեկ այլ զինվորականի։ Էրեխեքն ասում էին, որ երկուսն էլ փախել են, Ստեփանակերտում են եղել։ Նոյեմբերի 10-ին, որ գնացի Արցախ, հանդիպեցի․ ասաց՝ իմ էրեխեն հիվանդ է եղել, 5 օրով արձակուրդ են տվել, գնացել եմ տուն։ Ասացի՝ դու վաշտի հրամանատար, քեզ ո՞վ է Շուշիից օտպուսկ տվել։ Զինվոր չէր, վաշտի հրամանատար էր, 100 հոգու պատասխանատվություն իր վրա էր։ Նման բան հնարավոր չէ, որ վաշտին տանեն Շուշի, հրամանատարին արձակուրդ տանզ։ Ինքը ոչ մի բան չասաց։

Զինվորների ասելուց բացի ես իմ աչքով եմ տեսել՝ մտածված անկազմակերպ էր, դրանից պատերազմում պարտվեցինք։ Ես եղել եմ Հանդրութի զորամասում, որտեղից գնացել եմ առաջնագիծ, այնտեղ զինվորական հրամանատար չտեսա, մեր հրամանատարը եղել է Թալին խոշորացված համայնքի ղեկավարը»,-ասում է Սեդրակ Ղազարյանը և ներկայացնում մեկ այլ դրվագ, թե ինչպես են հրամանատարները լքել մեկ ամսվա զինծառայողներին։

«Գերությունից վերադարձած մի զինվորի հետ հանդիպեցի, քանի որ մտածում էի, որ վարդգեսը կարող է գերիների մեջ լինել։ Նա պատմեց՝ մեկ ամսվա ծառայող է եղել, տարել են Ֆիզուլի, 10 զինվոր են եղել և 3-4 աֆիցեր, զինվորներն ասել են, որ կարակադաշտում չեն եղել, զենքին չեն տիրապետում, ինչպես, որ պետք է,  աֆիցերներն ասել են՝ կռվել չգիտեք, մեռեք ու գնացել են։ Մնացել են սերժանտն ու 9 զինվորը»։

Վարդգեսին ծնողները փնտրել են 82 օր, փնտրել են ամենուր։ Նրանք եղել բոլոր հիվանդանոցներում և դիահերձարաններում։ Վարդգեսի դին ծնողներին է փոխանցվել 2021 թվականի հունվարի 28-ին։

Մայրը՝ տիկին Ազնիվը, վշտացած է Պաշտպանության նախարարության վերաբերմունքից։   «82 օր մեր հարցերին ոչ մեկը պատասխան չի տվել, ոչ նախարարությունը, ոչ կառավորությունը, ոչ զինկոմը։ Քո էրեխին տվել ես Պաշտպանության նախարարությանը ու ինքն ասում է՝ դիմեք Մուրադովին, դիմեք ռուսին, մենք իրավասու չեն ձեր հարցերին պատասխան տալու, բայց տանելուց օր ու ժամ են նշում։ Վարդգեսը քաջաբար է կռվել, իր կյանքը չի խնայել հայրենիքի համար»,-ասաց նա։

Արցախի նախագահը Վարդգեսին «Արիության մեդալի» է արժանացրել՝ կատարած սխրանքի համար։ Վարդգեսի ծննդավայրում՝ Զովասարում, որը գտնվում է Թալին խոշորացված համայնքի կազմում, նրա և հանուն հայրենիքի կյանքը չխնայած ևս չորս զովասարցու հիշատակին, բնակիչների միջոցներով հուշարձան է կանգնեցվել։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest