Այսօր, դեկտեմբերի 16-ին Արցախում և Հայաստանում լավ լուրի էին սպասում՝ որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին վերջապես կբացվի։ Օրվա կեսին նույնիսկ տեսանյութ տարածվեց, որ ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող խումբը, որը, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ից շրջափակել էր ճանապարհը, ապամոնտաժում է այնտեղ տեղակայված վրանները։

Արցախի նախագահականի մեր աղբյուրը հայտնեց, որ իրենք ամեն վարկյան սպասում են, որ ռուս խաղաղապահների հայտարարությանը ճանապաչհը բացելու վերաբերյալ, սակայն հայտարարությունն ուշանում է։

«Այս պահի դրությամբ ճանապարչհների բացման հետ կապված տեղեկություն չունենք։ Ճշտված տեղեկություն ունենալուն պես Արցախի տեղեկատվական շտաբը կհրապարակի այն», — Forrights.am-ին ասաց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Մինչ այդ Արցախում իսկական հումանիտար աղետ է։ Որոշ ապրանքատեսակներ   Forrights.am-ը հարցում է կատարել Ստեփանակերտի բնակիչների շրջանում։ Պատասխանները որոշ առումով հակասական էին։

Մթերային խանութի աշխատակից․ «Չկա կարտոֆիլ։ Մարդիկ սրբել-տարել են։ Հացի փռերը, որոնք հոսանք են օգտագործում, ոչ թե գազ, առավոտյան, կամ ուշ գիշերով են միայն հաց վաճառում։ Ով երբ հասցնում, առնում է։ Մի քանի խանութներ փակել են ապրանքը թանկացնելու պատճառով։  Չկա ցախ։ վաճառողները օգտվում են դրանից։ 1 կուբամետր փայտն արժե 10-ից 20 հազար դրամ»։

Մ․ Զ․ բուժքույր․ «Դպրոցները և մանկապարտեզները փակ են։ Ես երեխայի հետ եկել եմ հիվանդանոց, աշխատանքի, որովհետև չգիտեմ, որտեղ նրան թողնեմ։ Մարդ չկա, որ նրան պահի։ Մեքնա, տրանսպորտ չկա։ Մենք ամեն մեկս մեր բենզինը պահում ենք, որ եթե հանկարծ մեզ այստեղից դուրս հանեն, կարողանանք գոնե գնալ։ Բանկոմատներում փող չկա, ամբողջը հանում են, չգիտեմ, ինչ է լինելու։ Աշխատավարձ չենք ստացել։ Անգամ եթե աշխատավարձը ստանանք, քարտի վրա ենք ստանալու, դեռ հարց է, կկարողանանք հանել քարտից, թե չէ» Ես երեկ հազիվ եմ լողացել, մրսելլով, երեխային չեմ կարողանա լողացնել, ցուրտ է։ Գոնե ավարտվեր այս ամենը։ Դեղերը դեղատներում վերջացել են։ Չկա մանկական կեր, չկան ջերմիջեցնող դեղեր, սիրոպներ  մանկական։ Պամպերսներն են վերջացել։ Ինչ եմ անելու փոքր երեխայի հետ ինչպես եմ ապրելու, չգիտեմ։ Ամեն ինչ վերջացել է։ Եւ սա ընդամենը մի քանի օր է անցել, ի՞նչ ենք անելու հետո, չեմ պատկերացնում։ Մարդիկ չարացած են, իրար բրդբրդում են հերթերում, չեն զիջում։ Մի տուփ ձավար են առնում, էն մեկը գոնե թողնեն, մի ուրիշն առնի»։

Կարեն Շիրինյան․ լրագրող․ «Գազը արդեն կա։ Ճամփեն շուտով կլինի։ Տրամադրությունը մարտական է»։

Սաթենիկ Ավագյան․ «Ես Մայրիկիս հետ Գորիս եմ տեղափոխվել։ Բայց մայրիկիս տարել եմ Ստեփանակերտ, որ քիմիայի հերթական կուրսը ստանա։ Գնացինք երեք օր առաջ,  բայց ճանապարհը փակ էր, չկարողացանք գնալ։ Հետ եկանք։ Մայրիկս քիմիան չստացավ։ Հիմա սպասում ենք, թե երբ ա ճանապարհը բացվում, բայց երկար սպասել չենք կարող, մայրիկիս վիճակը վատ է։ Էդ դեղը արժե 700 հազար դրամ, սառնարանով հազիվ տարել, հատուկ ռեժիմով հասցրել ենք այնտեղ, մտածեցինք, ամեն անգամ չտանենք։ Ստեփանակերտում է։ Այստեղ չենք կարողանա նորից այդ դեղից գնել։ Աստված տա, ճամփան բացվի։ Բոլորս այդ հույսով ենք»։

Մետաքսե Հակոբյան, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր․

«Ինձ հետաքրքիր է, ովքե՞ր են եղել բողոքողները, որ ես էս օրերին գեթ մեկ բողոքողի չեմ տեսել։ Ես էլ եմ տեսել նման գրառումներ սոցցանցերում, բայց չկա այդպիսի բան։ Նախ՝ մի քանի օր շարունակ, երրորդ օրն էր այսօր, որ ես հատուկ ամեն առավոտ խանութներն եմ մտնում, հիմնականում մեծ խանութները, ու նույնիսկ մեկ դրամի տարբերություն  գներում չկա։ Նույնիսկ բանջարեղենի խանութներում, երբ որ արդեն հասկանալի է, մեծ մասը ներկրվում է Հայաստանից ու այնտեղ էլ ևս դեֆիցիտ կա ապրանքի, որևէ գնաճ չի եղել»։

Բանկոմատներում, ասում են՝ գումար չկա, դ՞ա էլ է սուտ։

«Գումար երեկվանից արդեն չկար, որովհետև մարդկանց մոտ պատերազմից եկած վախից քարտերի միջից գումարները ամբողջությամբ հանել են, և կանխիկացման գումար չկար։ Բայց բանկերում յուրաքանչյուրին կանխիկացնելու հնարավորություն են տալիս 50 հազար դրամի չափով։ Հնարավոր է, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ խուճապային տրամադրություն լինի, բայց հիմնականում մարդիկ իրար ոգևորում, ասում են՝ չկոտրվես»։

Ըստ Մելանիա Հակոբյանի,  ճանապարհը վաղ թե ուշ կբացվի, և ինքը չի կարող ասել՝ ժամերի հարց է, թե օրերի։ «Բայց ամեն դեպքում այն, ինչ կատարվեց այս օրերի ընթացքում, առաջինն էր 2018 թվականից սկսած, որ մենք կարողացանք հաջողություն գրանցել, այն է՝ գազամատակարարումը Արցախում վերականգնվեց։ Սա ոչ թե անհատների, կամ իշխանավորների հաջողությունն էր, այլ ողջ ժողովրդի, որը կարողացավ ազգովի հասնել դրան՝ և հայաստանցիների, և Արցախի ժողովրդի»։

Միջազգային արձագանքը ևս առաջընթաց է գրանցել, որովհետև, ըստ պատգամավորի, այն այս անգամ հասցեական էր ու ուղղված էր Ադրբեջանին։  «Ախարհն ավելի շուտ արձագանքում է հումանիտար աղետների»։ Հարցին, թե ինչպես կգնահատի ՀՀ իշխանությունների արձագանքը, Մելանիա Հակոբյանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունների արձագանքը որևէ կերպ չտարբերվեց միջազգային հանրության արձագանքից, մինչդեռ ՀՀ իշխանությունները գոնե մեկ քայլ վերևում պետք է լինեին»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest