Գեւորգ Ջավախյանը մինչ ծառայության մեկնելը իր հասակակիցների շրջանում աստղ էր, սակայն բանակում որեւէ մեկին չէր պատմել, որ ինքը հայտնի սիտկոմի հերոսներից մեկն է:  «Մինչեւ բանակը նա հայտնի էր, սակայն չգիտեյինք, որ ծառայությունից հետո ավելի հայտնի կդառնա, սակայն այլ իմաստով»,- ասում է Սեդան` Գեւորգի քույրը:

44- օրյա պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 24-ին Ջավախյանը լուրջ վիրավորումով տեղափոխվել է Երեւան` հիվանդանոց, չորս օր անց նրա սիրտը կանգ է առել:

«Արդեն բավական ժամանակ է անցել, որպեսզի ստանաինք բոլոր հարցերի պատասխանները, սակայն ինչուների շարքը դեռ շարունակվում է: Օրինակ, թե ինչու է իմ եղբոր տանկը եղել բաց երկնքի տակ եւ ինչու է նա, այսպես ասած, կառաուլի կանգնած եղել տանկի կողքը: Այդպիսի բան ընդհանրապես չի թույլատրվում: Ու այսպիսի բազմաթիվ ինչուներ կան, որոնց պատասխանները դեռ չունենք: Հուսանք, որ մոտ ապագայում կունենանք» ,- ասում է Սեդան:

Գեւորգը տանկիստ էր, նշանառու օպերատոր: Հայտնի է, որ պատերազմի մեկնարկի նախ եղել է Աղդամում, ապա տեղափոխվել է: Կարմիր Շուկայի եւ Շեխեր գյուղի թեժ մարտերի ժամանակ նա ոչնչացնում է 1 տանկ եւ խոցում մի քանի տեսակի զրահատեխնիկա` БИП, БТР: Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 11:30-ին, անօդաչուն հարվածն է հասցնում Գեւորգի տանկին, ինչի հետեւանքով նա  ծանր վնասվածքներով տեղափոխում է հիվանդանոց։ Սեդան պատմում է, որ տանեցիներից թաքուն միայնակ սկսում է շրջել մայրաքաղաքի հիվանդանոցներում:

«Ինձ որոշ ծանոթներ սկսեցին գրել, որ եղբայրս Հերացիում է` ծանր վիճակում: Ես թաքուն, բժշկական խալաթով, դիմակով մտել եմ հիվանդանոցի սենյակը, որտեղ մուտքն արգելված է, նայել եմ, բայց չեմ ճանաչել Գեւորգին: Հետո պարզվեց, որ նա էր, ուղղակի դժվար ճանաչելի էր դարձել վնասվածքների պատճառով»,- պատմում է զոհված զինվորի քույրը:

Մայրը` Նարինեն եւս հասցրել է հիվանդանոցում այցելել որդուն. «Տղաս կոմայի մեջ էր: Վնասվածքները շատ- շատ էին: Կողքը նստել, խոսում էի: Մտածում էինք` եթե ողջ է մնացել, հասել է հիվանդանոց, մի հրաշքով էլ հիմա կապաքինվի, բայց այդպես չեղավ… Մինչեւ այսօր էլ այն սերիալը, որում տղաս նկարվել էր, կրկնվում է: Ամեն օր նստում եմ հեռուստացույցի առաջ ու տղայիս եմ նայում…»:

Զավախյանների խոսքով, այս տարի արդեն երրորդ անգամ Նոր տարուն իրենք կփակեն իրենց տան դուռը եւ կգնան Եռաբլուր, թեեւ ցավոք այս տարի էլ կգտնվեն մարդիկ, ովքեր Եռաբլրում հանգչող տղաների եւ նրանց ողբացող ծնողների գլխավերեւում հրավառություն կպայթեցնեն:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest