ՀՀ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՀՀ Քննչական կոմիտեն էլ իր հերթին տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, և եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ» նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest