Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով գերության մեջ հայտնված ու որոշ ժամանակ անց հայրենադարձված երիտասարդները, չնայած հոգեկան ծանր վիճակին, նորից զորակոչվում են բանակ: Այդ մասին հայտարարում են իրավապաշտպանները՝ ահազանգելով, որ նրանք Ադրբեջանի ռազմական ոստիկանության կողմից խոշտանգումների են ենթարկվել ու ճիշտ չէ՝ հոգեկան ծանր վիճակում նրանց վերադարձնել ծառայության:
«Ինչքա՞ն պետք է բացատրել պաշտպանության նախարարությանը, որ այս մարդիկ վերականգնողական բուժում պետք է ստանան: 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված ու հայրենադարձված տղաներին տանում էին վերականգնողական բուժում ստանալու, հիմա իսպառ վերացել է դա», -այսօր «Մեդիա կենտրոնում» «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկմանն ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Նա հորդորել է պաշտպանության նախարարությանը ուշադիր լինել գերությունից վերադարձած տղաների նկատմամբ, անհատական մոտեցում ցուցաբերել, քանի որ նրանք «շատ ծանր օրեր են անցկացրել» գերության մեջ: Ալեքսանյանն ասել է, որ հանդիպել, շփվել է գերության մեջ եղած զինծառայողների հետ. «Նրանք անտանելի, անմարդկային պայմաններում են եղել: Այդ տղաներին կիսազինված ուղարկել են դիրքեր, որտեղ նրանք մնացել են միայնակ թշնամու դեմ, առանց հրամանատարի, հայտնվել շրջափակման մեջ, տեսել ծառայակիցների դաժան մահը»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ասել է, որ Հայաստանի զինված ուժերում խնդիր է այն, որ ռազմական գործողությունների մասնակցում են նոր զորակոչված տղաներ, որոնք դեռ չեն հասցրել տիրապետել նույնիսկ զենքի հետ վարվելու կանոններին:
«Ինչո՞ւ են գերեվարվում այդ տղաները, արդյոք պետությունը ապահովել է այդ անձանց անհրաժեշտ զինամթերքով, անհրաժեշտ գիտելիքներով ու պաշտպանության միջոցներով, որպեսզի հնարավորինս կանխի գերեվարվելու կամ զոհվելու հավանականությունը», -հարցեր է բարձրացնում Արմինե Սադրիկյանը ու, վկայակոչելով ռազմական գործողություններին մասնակցած անձանց վկայությունները, ընդգծել է. «Պետությունը անհրաժեշտ հնարավորություններով չի ապահովել այդ տղաներին»:
Հայաստանի օրենսդրության համաձայն, գերության մեջ հայտնվելը զինվորական ծառայությունից ազատվելու պայման չէ, սակայն ըստ Սադիկյանի, մինչև զինծառայության վերադառնալը նրանք պետք է բժշկական խորքային հետազոտություններ անցնեն: «Նրանք պետք է մի քանի օր գտնվեն տանը, վերականգնողական արձակուրդում՝ անցնելով խորքային ֆիզիկական ու հոգեբանական վերականգնողական բուժում: Բայց այդպես հիմա չի արվում, ու երիտասարդները առանց նորմալ բուժում ստանալու կանչվում են ծառայության», -ասել է Արմինե Սադիկյանը:
Նրա խոսքով, իշխանությունը կարող է կամք դրսևորել և օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, առաջարկել լուծումներ, որպեսզի ամեն գնով ռազմագերուն բանակ զորակոչելիս չվկայակոչեն այդ օրենսդրությունը: «Ամեն կերպ զորակոչելու խնդիր չպետք է դրվի, այլ պետք է խնդիր դրվի, որ միայն նրա ամբողջական վերականգնվելու դեպքում անձը կարող է զորակոչվել բանակ», -նշել է նա:
«Բանակում ամբողջ պատասխանատվությունը դրվում է շարքային զինծառայողի վրա, իսկ հրամանատարական կազմը որևէ պատասխանատվություն չունի: Միշտ է այդպես եղել, հիմա՝ առավել ևս: Ես ուզում եմ ասել, որ Կանազի զինվորական հոսպիտալում ուղղակի հակացուցված է այդ տղաների բուժումը: Տարեք նրանց մի այնպիսի վայր, որը զինվորական չլինի, հանգիստ մի վայր, որ այդ տղաները վերաբերմունքի արժանան: Պաշտպանության նախարարը թող գնար, տեսներ այդ տղաներին, չիները չէր ընկնի, որ վեր կենար ու գնար՝ մի խոսք ասեր այդ տղաներին կամ լսեր՝ ինչ պայմաններում են եղել: Հայ զինծառայողների գերության մեջ հայտնվելու ամբողջ մեղքը պաշտպանության նախարարության ուսերին է», -հայտարարել է Ալեքսանյանը:
Նա ընդգծել է գերությունից վերադարձած տղաների հանդեպ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ցուցաբերած անտարբերությունը: Ըստ Ալեքսանյանի, գերությունից վերադարձած տղաների ծնողները դիմել են ՄԻՊ գրասենյակ, սակայն արձագանք չեն ստացել: «Նախկին օմբուդսմենը պատերազմի ժամանակ գերի ընկած ու հայրենադարձված գերիներին այցելում էր, լսում նրանց խնդիրները, նույնիսկ առանձին զեկույց հրապարակեց: Այսինքն՝ ՄԻՊ-ը եթե ցանկություն ունենա, կարող է զբաղվել նրանց հարցերով», -նշել է Ալեքսանյանը:
Քննարկման մանրամասները՝ այստեղ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: