Մինչ կառավարությունը հայտարարում է Ներքին գործերի նախարարության  ստեղծման մասին, իսկ վարչապետ Փաշինյանը՝ «նոր ստանդարտի ոստիկանության», նախաքննության մարմինները, դատարանները շարունակում են սատարել հին ոճով ու մեթոդներով գործող ոստիկաններին։

Սեպտեմբերի 21-ին 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներին Եռաբլուրում քաշքշելով, ծեծելով, նվաստացնելով, ոտք ու ձեռքը բռնած հեռացրեցին տարածքից։ Հիշեցնենք՝ ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ, որին նրանք մեղադրում են իրենց որդիների մահվան տանելու մեջ։

ԶԼՄ-ներն այդ տոնական օրը ուղիղ միացումներ էին անում Եռավբլուրից, համայն հայությանը ցուցադրելով բռնարարքները։ Հատկապես տպավորիչ էր մի կնոջ կադրերը, որին ուժ կիրառելով, կարմիրբերետավորները բերման էին ենթարկում, ուշադրություն չդարձնելով, որ նա իրեն վատ է զգում և ուշագնաց է լինում հենց իրենց ձեռքերում։

Նույն օրը  ծնողներին բերման ենթարկեցին ոստիկանության բաժիններ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով՝ «Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» ։

Ոստիկանությունում արձանագրություններ կազմեցին ու դրեցին դարակները, մոռանալով դրանց մասին։ Եւ միայն այն բանից հետո, երբ զոհվածների ծնողները սկսեցին իրենց ակցիաները քննչական կոմիտեի առաջ, ոստիկանությունը հանկարծ հիշեց արձանագրությունները և դիմեց դատարան, պահանջելով, որ բերման ենթարկված ծնողներին պատասխանատվության ենթարկեն։  Ստացվում է՝ ոչ թե ոստիկաններն են դատապարտելի արարք կատարել, այլ ծնողները։

Քրեական գործը բռնարարքների փաստով հարուցվել էր սեպտեմբերի 22-ին՝ դրանցից մեկ օր անց։ Անցել է 2 ամիս, սակայն որևէ ոստիկան,  կամ հրաման տվող սպա որպես մեղադրյալ չի ներգրավվել։ Սա այն դեպքում, երբ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է։

Առաջին ակցիան քննչական կոմիտեի դեմ տեղի ունեցավ անցնող երկուշաբթի՝   նոյեմբերի 21-ին։ Մինչև շաբաթվա վերջ ծնողները հավաքվում էին ՔԿ շենքի մոտ, պահանջելով, որ պատշաճ ընթացք տրվի իրենց նկատմամբ բռնի ուժ կիառելու գործին։ Նրանք հայտնում էին լրագրողներին, որ բերման ենթարկված ծնողները հարցաքննվել են, բայց ոստիկանները՝ ոչ, որ առերեսումներ չեն եղել, հիշեցնում էին, որ 5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, պահանջելով առանձնացնել իրենց գործը, բողոքում էին, լաց էին լինում , անիծում։

Քննչական կոմիտեից ծնողներին բացատրել են, որ գործով վարույթի շրջանակում անհնար է եղել նույնականացնել բռնարար ոստիկաններին։ Եւ սա այն դեպքում, երբ նրանց կադրերը արդեն երկու ամիս է, պտտվում են տարբեր սոցցանցերում «դիսլայքեր» հավաքելով։ Ծնողներն էլ որոշեցին օգնել քննչական կոմիտեին նույնականացնել բռնարարքներ կատարած ոստիկաններին, և նրանց նկարները ձեռքներին, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին հավաքվեցին ՔԿ  շենքի մոտ։ Դա անցնող շաբաթվա վերջին ակցիան էր։

«Առաջին ակցիայից երկու օր անց հանկարծակի ծնողները ստանում են ծանուցագրեր, որ հայց է ներկայացվել ոստիկանության կողմից 182-րդ հոդվածով իրենց վարչական պատասխանատվությա ն ենթարկելու համար, — ասում է զոհվածների ծնողների շահերը  ներկայացնող փաստաբան Վահան Հովհաննիսյանը, — այսինքն՝ ոչ մի բան չէին անում, բայց հենց որ ծնողները գնացին քննչական, սկսեցին ակցիա անել, պահանջել, որ գործը քնած չմնա, երկու օր անց հայցադիմումները մուտք եղան դատարան»։

Վահան Հովհաննիսյանին, որը մինչ փաստաբան դառնալը, 15  տարի քննիչ է աշխատել ու քննչականի պետ,  հարցրեցինք, թե հնարավոր է, որ քննիչներն իսկապես ի վիճակի չեն եղել նույնականացնել գործող անձանց։

«Ես քննիչին խորհուրդ եմ տվել, ասել եմ, թե ինչպես կարելի է 1 ժամում իրականացնել նույնականացում։ Դրա համար ընդամենը պետք է կարմիրբերետավորների հրամանատարների մասնակցությամբ զննել տեսագրությունը և խնդրել հրամանատարին, որ մատնանշի, թե ով՝ ով է։ Իբր, ՔԿ-ն գրություն է հասցեագրել ոստիկանություն, «սքրինշոթեր» է ուղարկել, որպեսզի դրանցով պարզի,  թե ոցվքեր են, եղել, որից հետո ծանուցագրեր ուղարկեն ոստիկաննրին։ Այսինքն, ուղիղ ճանապարհը թողած, շրջանցիկ ճանապարհներով են փորձում հասնել նպատակին, եթե իհարկե, իրականում ունեն բացահայտելու նպատակ», — պատասխանեց նախկին քննիչը։

Նա հիշեց Գարիկ և Արթուր Գալեյանների քրեական գործը, որով նույնականացումն իրականացվել էր ընդամենը երկու ժամում։ «Ես պաշտպանում էի Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներին։ Տեղի էր ունեցել միջադեպ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի բակում։ Ըստ մեղադրանքի, Գալեյանն երը բռնություն էին կատարել սպայի համազգեստի նկատմամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել երեկոյան ժամի, տեսախցիկներ չկային, ժուռնալիստներ չկային, նկարահանումներ չէին իրականացվում, բայց պահանջվեց ընդամենը մի քանի ժամ եղբայրներին ճանաչելու ու ձերռբակալելու համար։ Քննչական կոմիտեն գործում է որպես մեկ միասնական կառույց, բազմաթիվ ստորաբաժանումներով հանդերձ, և գործադրում է նույն տեխնոլոգիաները, նույն վարույթային ապացոցողական գործողութունները։ Բայց այն գործով մի քանի ժամ պահանջվեց առանց տեսախցիկների, գիշերային ժամանակ անձին նույնականացնելու համար, եւ միթ՞ե Եռաբլուրի գործով երկու ամիսը բավարար չէր, բազմաթիվ տեսանյութերի պայմաններում, երբ դեմքները պարզ են, համազգեստը, ուսադիրները կան, իրենց կոչումը պարզ է, երեւում է, թե որ հատվածում են ծառայություն իրականացնում»։

Ի՞նչ է ծնողներին սպառնում։ Forrights.am-ի հարցին  Վահան Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ոչինչ։ Օրենքը նախատեսում  է 50 հազար դրամ տուգանք, բայց քանի որ միաժամանակ չի կարող տարբեր իրավական քննություններ իրականացվել միևնույն նառարկայի վերաբերյա՝ մի դեպքում վարչական, մի դեպքում քրեական, բնականաբար, դատարանը պետք է իր նախաձեռնությամբ կասեցնի այդ վարույթները։ Եթե  դատարանը չի կասեցնի, մենք ինքներս կմիջնորդենք, որպեսզի կասեցվի, միչնչև քրեական գործով վերջնական դատավարական ակտի կայացումը»։

Վարչական դատարանում զոհվածների բռնության ենթարկված ծնողների գործով նիստի օրը դեռ նշանակված չէ։

Հիշեցնենք նաև, որ Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին կատարված բռնությունների առնչությամբ 35 ՀԿ-ներ հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ, որում նշել էին, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումն ու կատարումը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest