«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում հիվանդի նկատմամբ կիրառված բռնության դեպքից հետո, որին «Forrights.am»-ը բավական մանրամասն անդրադարձել էր, այժմ էլ նույն հիվանդին մեծ դոզաչափով դեղեր են նշանակում: Այդ մասին Forrights.am ահազանգում է փաստաբան Արմինե Դավթյանը:
Հիշեցնենք՝ հիվանդը, որը երկար տարիներ բուժում է ստանում հոգեկան առողջության այս կենտրոնում, փաստաբան Արմինե Դավթյանի պաշտպանյալն է: Նա ավելի վաղ մեզ հետ զրույցում ահազանգել էր, որ իր պաշտպանյալին նոյեմբերի 10-ին դաժան ծեծի է ենթարկել հիվանդապահ Գոռ Անտոնյանը, որը նախկինում որպես ոստիկան է աշխատել: Բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածով՝ «Ֆիզիկական ներգործությունը»:
«Իմ պաշտպանյալին դատաբժշկի ուղեգրի հիման վրա նշանակվել էր բուժզննում, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է լյարդի մեծացում մի քանի սանտիմետրով: Բժիշկներն ինձ ասացին, որ դա պայմանավորված է ալկոհոլով կամ մեծ դոզաչափ դեղերի ընդունմամբ: Գիտենք, որ հոգեբուժարանում ալկոհոլ չկա, բայց դեղերը գրեթե կրկնակի դոզայով են արդեն նշանակում», -փոխանցում է Արմինե Դավթյանը:
Նրա խոսքով, մեծ դոզայով դեղերի նշանակումն սկսել է հիվանդասենյակում բռնության դեպքի հենց հաջորդ օրը: Փաստաբանն ասում է միտումնավոր են իր պաշտպանյալին մեծ դոզաչափ դեղեր նշանակում, քանի որ այդպիսով մտադիր են նրան դարձնել անշարժունակ:
«Դե պատկերացրեք, եթե նրան նախկինում տալիս էին կես «Ազալեպտին» (100 մգ) (հակտեպսիկոտիկ թմրանյութ-հեղ.), ապա արդեն սկսել են տալ երեք կտոր «Ազալեպտին» (600 մգ): Դա հատուկ նպատակ է հետապնդում, դա արվում է իմ պաշտպանյալի դեմ հատուկ, որպեսզի նրան մշտապես պահեն թմրածմ քնած, անջատված վիճակում և բացի այդ, նման քանակի դեղ ընդունելու հետևանքով լյարդի ցեյրոզի առաջացման վտանգ կա», -մտավախություն է հայտնում փաստաբանը:
Նրա համար տարօրինակ է՝ մշտապես հետևել է իր պաշտպանյալին, շփվել նրա հետ, երբևէ նման խոշոր դեղաչափ «Ազալեպտին» նրան չի նշանակվել, ինչո՞ւ է հիմա հոգեկան առողջության կենտրոնը դիմել այդ քայլին:
Դավթյանն ասում է՝ երբ այդ հարցով դիմել է «Նուբարաշեն» հոգեբուժարանի բժշկին, նրան հորդորել են այլևս չմիջամտել իրենց բուժման իրականացմանը: Փաստաբանը նաև փորձել է պաշտպանություն գտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, սակայն նրա խոսքով, մեկ անգամ զանգին պատասխանել են՝ ասելով շուտով ընդմիջում է, չեն կարող ահազագնը գրանցել, այնուհետև իր ոչ մի զանգի չեն պատասխանել:
«Զանգահարում եմ, վերցնում են, ճշտում են՝ ով եմ, անջատում են ու դրանից հետո որևէ իմ զանգի չեն պատասխանում: Այս խնդրի հետ կապված գրավոր դիմել եմ և Առողջապահության նախարարություն, և դատախազություն, և Ազգային ժողով, և Քննչական կոմիտե, բայց որևէ պատկան կառույց որևէ միջոց չեն ձեռնարկում, երևի չեն էլ կարդում դիմումը: Իմ պաշտպանյալի կյանքին է արդեն վտանգ սպառնում և ոչ միայն առողջությանը, կյանքի՜ն»,- հայտարարում է փաստաբանը:
Կապվեցինք ՄԻՊ գրասենյակի հետ, մեզ պատասխանեցին, որ կարձագանքեն ավելի ուշ։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: