Առողջապանության նախարարությունը օրերս հայտնեց, որ արդեն կես տարի ազատազրկված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը ներկա պահին բավարար է, որ նա ենթարկվել է մի շարք հետազոտությունների, որոնց արդյունքներից ելնելով, կորոշվի բուժման հետագա ընթացքը։

Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը սակայն  վստահեցնում է, որ այն  հազվագյուտ երիկամային հիվանդությունը, որով տառապում է Ավետիսյանը, սրացման փուլում է։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնվում է Ավետիսյանը, նրան պահելը վտանգավոր է և անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, ապա՝ արտերկիր՝ հետազոտման, քանի որ Հայաստանում նման հետազոտություններ չեն կարող իրականացնել։

«Ջերմություն չունի, բայց նա կարող է հաշվված րոպեների ընթացքում հայտնվի կոմայի  մեջ, նրա ամբողջ մարմինն ուռչում է, և այդ պահին վերակենդանացման հրատապ միջոցառումներ են պետք։ Այդ նախանշանները վերջին  օրերին  նկատելի են։ Էս պահին խնդրում ենք, որ բժշկական հսկողությունն ուժեղացվի։ «Նուբարաշենի» ֆելդշերը, կամ բժշկուհին չեն կարող օգնել իմ պաշտպանյալին, եթե այդ ճգնաժամը լինի, մենք դրանից ենք վախենում։ Կարող է նա մի 5-6 օր գտնվի քաղաքացիական հիվանդանոցում ու վիճակը կրկին կարգավորվի», — ասում է Արայիկ Պապիկյանը։

Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ-ի ղեկավար, «Սասնա Ծռերի» նախկին խոսնակ Սյուզան Սիմոնյանը հիշում է, որ Հիմնադիր խորհրդարանի շենքում է առաջին անգամ ակաատես եղել Վարուժան Ավետիսյանի նոպաներին։ «Բնականաբար նրան տարան հիվանդանոց, ու երբ այցելեցի, արդեն համեմատաբար հանգիստ վիճակում էր և վերակենդանացման բաժնից տեղափոխվել էր հիվանդասենյակ։ Երբ հետաքրքվեցի, թե ինչ են ասում բժիշկները, ասաց դեռ չեն հասկանում, բայց ասում են, որ լյարդս թույն է արտադրում ու դա է լինում այդ ցնցումների պատճառը։ Իսկ առավել սրվեցին 16-18թվականների նրա բանտարկությունից հետո», պատմում է Սյուզան Սիմոնյանը։

Ինչո՞ւ չեն թողնում, որ Ավետիսյանին տեղափոխեն արտասահման, հետազոտկման՝ հարցին նա պատասխանեց․<< Կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, որ Սասնա Ծռերի նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունենում, բայց ոչ թե անձնական այլ միջպետական մակարդակով»։ Նա գտնում է, որ Ավետիսյանի վիճակը կտրականապես անհամատեղելի է բանտային պայմանների հետ։

Հիշեցնենք՝  Վարուժան Ավետիսյանը արդեն կես տարի է, անազատության  մեջ է։ Նա  2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար  մեղավոր ճանաչված «Սասնա ծռերի» թվում է և դատապարտվել է 7․5 տարվա ազատազրկման։

Դեռևս օգոստոսին Ավետիսյանի փաստաբանը դիմել է Քրեակատարողական ծառայության, փաստաթղթային փորձաքննություն իրականացնելու խնդրանքով։ Մի քանի  օր առաջ է միայն ստացել այդ դիմումի պատասխանը՝ որ հիվանությունը չի համապատասխանում կառավարության թիվ 125 որոշման չափանիշներին, այսինքն՝ պատժի կրման արգելք չկա։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից հետաքրքրվեցինք, թե ինչ պես է Վարուժան Ավետիսյանի ինքնազգացողությունը, ինչո՞ւ նա չի տեղափոխվում գոնե քաղաքացիական հիվանդանոց։

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը Forrights.am-ի հարցին պատասխանեց, որ որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի վերաբերյալ։ «Մենք ունենք Վարուժան Ավետիսյանի ստորագրությամբ փաստաթողթ, որով նա արգելել է որևէ տեղեկություն տրամադրել ԶԼՄ-ներին իր առողջության վերաբերյալ։ Ուստի ոչ մի հարցի մենք իրավասու չենք պատասխանելու», — ասաց Նաիրա Բաբայանը։

Թե ինչու Ավետիսյանին չեն տեղափոխում արտասահման, Հայաստանի համար անմատչելի հետազոտությունների,  մեզ պատասխանեց Արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ ՄելքումյանԸ․ «Մենք արտերկիր տեղափոխելու ընթացակարգ չունենք: Նրա տեղափոխության հարցը դատարանը պետք է որոշի»:

Երիկամային հիվանդության համախտանիշ կոչվող պաթոլոգիան Վարուժան Ավետիսյանի մոտ առաջին անգամ դրսևորվել է 2014 թվականին։ Այն ժամանակ Ավետիսյանը բուժվել է հիվանդանոցում։ Հիվանդությունը պարբերաբար սկսել է կրկնվել 2021 թվականին։ Հունվարին Ավետիսյանն անմիջապես հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, հետո բարելավումով դուրս է գրվել, ապրիլին նորից է կրկնվել սրացումը, նորից՝ վերակենդանացման բաժանմունք։ Վերջին անգամ, երբ Վարուժան Ավետիսյանին տարել են «Էրեբունի» ԲԿ, բժիշկները նրան ասել են, որ եթե ուշացնեին, կյանքը փրկել այլևս հնարավոր չէր լինի։

Երևանում բոլոր հնարավոր կլինիկաներով Վարուժան Ավետիսյանը անցել է, բոլոր հնարավոր հետազոտություններն արվել են, և 2021 թվականի օգոստոսին, դեռ գտնվելով ազատության  մեջ, նա ստացել է բժշկական ցուցում՝ որ քանի որ հիվանդության ախտորոշումը չեն կարող կատարել, խորհուրդ է տրվում բուժզննում անցնել արտերկրում։ Փաստաբան Պապիկյանը հիշում է, որ դեքպ է եղել, որ վատառողջ լինելու պատճառով Ավետիսյանը չի կարողացել ներկայանալ իր գործով դատական  նիստին։

«Մենք մի քանի եվրոպական կլինիկաների հետ կապի դուրս եկանք և Գերմանիայից արձագանքեցին, որ կարող են և ախտորոշել, և բուժման պլան առաջարկել։ Միջնորդեցինք, որ կարճ ժամանակով թույլ տան, որ Վարուժան Ավետիսյանը գնա Գերմանիա ու հավաստիացրեցինք, որ անպայման կվերադառնա։ Ավելի քանի 100 անձանց երաշխավորությամբ տարանք միջնորդությունը։ Մեզ պատասխանեցին, որ իրենք վարույթն իրականացնող մարմինը չեն և չեն կարող լուծում տալ, այդ ժամանակ դեռ դատական ակտը օրինական ուժ չէր ստացել» , — նախապատմությունն  է  ներկայացնում Արայիկ Պապիկյանը։

Դեկտեմբերի սկզբին նա, իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Նինա Կարապետյանցը թակեցին բոլոր դռները։ Դիմեցին առողջապահության նախարարություն, ՄԻՊ գրասենյակ։ Միայն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է արձագանքել, խոստանալով, որ միջոցներ կձեռնարկի, զգուշացնելով, որ իր իրավասությունը սահմանափակ է։

Մայիսի 28-ին Ավետիսյանին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ։ Այն ժամանակ դեռ Ավետիսյանի վիճակը ճգնաժամային չէր։ Նա ունենում էր դողերոցք, մրսելու զգացողություն։ Բայց այսօր ճգնաժամի նախանշաններն առկա են, և ամեն պահի կարող է վտանգավոր զարգացումներ լինեն։

Ինչո՞ւ է Վարուժան Ավետիսյանը արգելել «Քրեակատարողական բժշկության կենտրոնին» տեղեկություններ տրամադրել ԶԼՄ-ներին իր առողջական վիճակի մասին։ Փաստաբանը պատասխանում է․

«Արդարադատության նախարարությունը անցյալ կիրակի հայտարարություն տարածեց, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է, նաև տվյալներ՝ ընդհուպ ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը, և այլն, սակայն Ավետիսյանին ոչ ոք չէր այցելել։ Մենք չգիտենք, թե այդ տվայլեները որտեղից, եթե բժշկի աց չի եղել։ Դրանից հետո նույն կենտրոնի աշխատողներից մոտենում  է Վարուժամ Ավետիսյանի դռանը, պատուհանից հարցնում է, որ համաձայն է Ավետիսյանը, որ իր առողջության վերաբերյալ տվյալներ տրամադրեն ԶԼՄ-ներին, Վարուժանն էլ ասում է, ոչ, որովհետև ես ձեզ չեմ վստահում, դուք հայտարարություն եք  տարածել, որը չի համապատասխանում իրականությանը»։

Հարցին, թե ինչ ընթացակարգով պետք է տեղափոխեն ՎԱրուժան Ավետիսյանին արտասահման հետազոտության, եթե իրավական ընթացակարգ չկա, փաստաբանը պատասխանում է․ «Իրավական ընթացակարգը հետևյալն է՝ պետք է լինի միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություն, որի մեջ պետք է լինեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք կտան այդ փաստաթղթի, ինչպես նաև քրեակատարողական ծառայության և դատախազության միջնորդության հիման վրա դատարանը պետք է քննի նոր քր․ Օր-ի 88-րդ հոդվածի կարգով։ Բայց երկու անգամ դիմել եմ դատախազութուն փորձաքննություն նշանակելու խնդրանքով, և  մինչ հիմա որևէ պատասխան չունեմ», ասում է փաստաբանը։

Նա հիշեցնում է, որ եթե Վարուժան Ավետիսյանին մի վատ բան պատահի, մնալու է էսօրվա իշխանության խղճին։ «Ժամանակին Հաց Բերողի անունն էին տալիս, մյուսների, հիմա բոլորին մոռացան»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest