Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. ռազմական ծախսերի աճը 2018-ի նկատմամբ կազմում է 113 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք 2 տրլն 204 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավել է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: 4.5 տարի անց՝ անցած լինելով պատերազմի և կորոնավիրուսի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավել է 75 տոկոսով: Ընդ որում, պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018-ի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, իսկ 2022 թվականի նկատմամբ՝ աճը 47 տոկոս է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ 2022 թ մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:  Կլինեն դեպքեր, երբ նույնիսկ աշխատավարձը կեռապատկվի:

«Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, իրականացնում են այդ անցումը»,-ասաց վարչապետը:

Նա խոսեց նաև ռազմական կրթության ոլորտի բարեփոխումների մասին: Այն երիտասարդները, որոնք կընտրեն ռազմական մասնագիտությունը և, ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը, կնշանակվեն, այդ պահին կստանան բնակարան:

«Մեր անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված մենք լրջագույն խնդիրներ ունենք լուծելու: Ես պետք է խնդրեմ, որ պետական գաղտնիության նշանակություն ունեցող տեղեկությունների բացահայտմանն օգնող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակենք: Կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու»,-ասաց Փաշինյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest