Սեպտեմբերի 13-ին ադրբեջանականի հարձակման  հետեւանքով որդուն կորցրած Արթուր Գրիգորյանը չի կարողանում հաշտվել տեղի ունեցածի հետ: Նրա խոսքով, ծառայակիցներն ու հրամանատարները Զերմուկի մոտակայքում որդուն թողել են վիրավոր եւ անօգնական վիճակում: «Եթե որեւէ մեկը նրա հետեւից վերադառնար, տղաս կարող  է այսօր ողջ լիներ»,- ասում է հայրը:

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը սեպտեմբերի 14-ից համարվում էր անհետ կորած։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ Աբրահամը 14 ամսվա զինծառայող էր։ Նրան վիրավոր վիճակում սեպտեմբերի 14-ին՝ նահանջի ժամանակ, զինակիցները թողել են 107-րդ դիրքի մոտակա ձորակում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Աբրահամի հայրը՝ Արթուր Գրիգորյանը  սեպտեմբերի 15-ից եղել է Ջերմուկի զորամասում։ Նա փորձել է վիրավոր որդու գտնվելու մասին տեղեկություններ իմանալ, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզել: Արթուր Գրիգորյանին միայն ասել են` չենք կարող:

«Սեպտեմբերի 12 լույս 13գիշերը զանգում էի, չէր պատասխանում, կինս եկավ, ասեց` նորից պատերազմ է: 13-ի ցերեկը զանգեց, ասեց` լավ եմ, հանգիստ եղեք: Ասեցի` խնդրում եմ զանգիր, որ ձայնդ լսեմ»,- պատմում է հայրը:

Նրա խոսքով, ավելի ուշ իրեն հայտնի է դարձել, որ Աբրահամը առաջին մարտի հետեւանքով վիրավորում է ստացել դեմքի եւ ձեռքի մատների շրջանում, թեեւ նա այրվածքներ է ստացել, շարունակել է ակտիվ լինել. «Նաեւ վիրավորվել է ոտքից, բայց այդ վիճակում մեզ բան չի ասել, պոստերում էլ տղերքին կարողացել է սուրճով ապահովել, որ մի քիչ ուժ հավաքեն: Դե ոչ ջուր ոչ հաց չեն ունեցել, միայն սուրժով են փորձել ուժերը վերականգնեն: Ու այդ վիճակում տղայիս թողել են թուրքի բերան ու փախել են: Մինչեւ այսօր չենք կարողանում համակերպվել այս մտքի հետ»:

Ծնողներն ու հարազատները 45 օր շարունակ փնտրել են Աբրահամին:

«Ասում էի` փրկեք էրեխուս, վիրավոր թողել փախել են, ոչ ոք ոչինչ չէր անում: Նրա հետ ծառայողներին ասում են` չէինք կարող բերել, ես էլ հարցնում եմ, իսկ ինչպես եք հիմա նույն տեղը գնացել ու պոստեր պահում… Վերջին անգամ երբ տասը դի վերադարձրին, ես առավոտ շուտ գնացի Հերացի, իմ էրեխեն այնտեղ էր: Մարմնից ճանաչեցի, դաջվածքներից: Դիմագծեր այլեւս չուներ, բայց գիտեի, թե ինչ վնասվածքներ էր ստացել: Այդ ամենով ճանաչեցի… իսկ ՊՆ-ից առ այսօր ոչ մի ձայն: Ինչո՞ ւ պետք է այսպիսի երեխաները մեր աշխարհի երեսից վերանային… Այսօր մեր տունը քանդել են մեր երկրի ղեկավարները` կլինի վարչապետը, թե կլինի Պնախարարը: Մեր տները քանդել են: 18 տարի երեխա պահեմ, թույլ չտամ որ անգամ փոշի նրա վրա նստի, ամեն ձեւ մեծացնեմ, տամ բանակին, որ այսօր բանակը ասի` ձեր երեխան անհայտ է, թե ուր է: Դա ինչ պատասխան է:

Արթուր Գրիգորյանը պատմում է, որ որդին ի սկզբանե ծառայում էր Վայքում եւ մեկ անգամ, երբ նա ինքնակամ լքել էր զորամասը, Ռազմական ոստիկանությունը անմիջապես նրան հայտնաբերել էր, մինչդեռ այն ժամանակ, երբ այն իրական եւ կարուեր գործ պետք է աներ հայ զինվորներին օգնելու համար, որեւէ բան չարվեց. «Ռազմականը միանգամից տղայիս գտավ, տարավ: Ու իրանց հրամանատարը ինձ խոստացավ, ասեց` տղուդ տանելու եմ ամենադաժան պոստերը: Ու նրան տարան Զերմուկի պոստեր: Ու նա այդ քայլը արեց: Այդ զորամասը ուղարկեց ու իմ տունը քանդեց… Դե եթե այդքան լավ տղա էին, թող գնային տղայիս ու մեր մյուս տղերքին թուրքի բերանից հանեյին»:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest