Հայկական կողմը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով 16 անհետ կորած ունի: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան», -ասել է նա:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, իսկ Հայաստանը իբրև թե դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում:

«2020 թվականից ի վեր՝ հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմին և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով», – ասել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո հումանիտար ժեստ էր արել՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանի ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները։ «Բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա», – հավելել է վարչապետը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest