2021 թվականի նոյեմբերին կորել էր Վայոց Ձորի բնակիչ, 33-ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը։

Երբ դեպքի մասին տեղեկություններ տարածվեցին, ՊՆ–ն հայտնեց, որ Վահե Մանուկյանի անհետացման հետ կապված Քրեական գործ կա հարուցված՝ “Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը» հոդվածով։

Անցել է 1 տարի, և որևէ առաջընթաց քննության մեջ չի արձանագրվել։ Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, որը երեք անչափահաս երեխաներ ունի ու չգիտի, ինչպես խնամի նրանց, դիմել է դատարան, խնդրելով Վահե Սամվելի Մանուկյանին ճանաչել մահացած՝ 12.11. 2021 թվականից։

Այսօր նա ստացել է դատարանի վճիռը։ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 10–ին բավարարել է դիմումը եւ Վահե Մանուկյանին ճանաչել է մահացած՝ 12.11. 2021 թվականից։ Ըստ դատարանի, Վահե Մանուկյանը ոչ թե դասալքի է, այլ որ նա սպանված է։

«Ես չգիտեմ, ինքը ողջ է, թե չէ, բայց ներկա պահին գործը այդպես է գնում։ Վահեի մարմինը չկա։ Ես էլ հույս չունեի, որ Վահեն հետ կգա, իսկ էսպես երեխաները գոնե փոխհատուցում կստանան։ Իմ կարծիքով, նրան կամ ոչնչացրելէ հակառակորդը, կամ էլ մահվան սպառնալիքի տակ նա անցել է սահմանը։ Կարող է, նա գերի է ընկել», – ասում է զինվորականի կինը։

Ամուսնուն որոնելով, նա դիմել է Միջազգային “Կարմիր Խաչ”։ Այնտեղից ասել են, որ հունիսին հարցում են կատարել, սակայն ադրբեջանական կողմից «ոչ “հա” են ասել, ոչ էլ “չէ”»։

Ամուսնու գործը վարող քննիչն էլ Լիանայի հետ խոսել, բացատրել էր նրան, որ ոչ մի ապացույց չկա, որ ամուսինը մի տեղ թաղված է։ «Ոչ այստեղ կա նա, ոչ էլ մեր հարցումներին են պատասխանել, որ իմանանք՝ Ադրբեջանում է։ Բա ո՞նց ես էս երեխաների պատասխանը տալու», – ըստ Լիանայի, ասել է քննիչը։

Մենք հարցրեցինք կնոջը՝ ձեզ համար ամեն ինչ պա՞րզ է այս գործի մեջ։ «Ոչ, ինձ համար շատ հարցեր են հանելուկային։ Եթե ինձ մնա, ես սրան էլ համաձայն չեմ։ Մտածում եմ՝լավ, գերի լինի, գա, բա ո՞նց ա պետությունը պատասխան տալու, որ մահվան վկայական եմ հանել արդեն։ Ո՞նց ա էդ ամենի պատասխանը տալու։ Բայց երեխեքի համար սուս եմ անում, որ գոնե կարողանամ իմ երեք անչափահաս երեխաների համար աջակցություն ստանամ»։

Ժամանակին նա ապրում էր Վայոց Ձորի Գլաձոր գյուղում, հետո ընտանիքը տեղափոխվեց Եղեգնաձոր քաղաք: Լիանան ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում էր վարձով: Արդեն 2 տարի է ամուսնու աշխատավարձը սառեցրել են: Կինըերեք երեխաներին պահում է ընտանեկան նպաստով՝ 34 հազար դրամով։ Ամիսը 40 հազար դրամ տան վարձի փողէ տալիս։ «Երբեմն մարդիկ օգնում են, երբեմն՝ ոչ։ Ինձ համար ամենավիրավորականն այն է, որ մեր պաշտպանության նախարարությունը էս երկու տարում ոչ մի օր ամուսնուս չի հիշել։ գոնե մի անգամ զանգեին, ասեցին՝ ո՞նց եք ապրում։ Մարդուն ձեռքով ոտքով ուղարկես է կինը։

Նա չի թաքցնում, որ դատարան դիմելն իր համար հուսահատ քայլ է եղել, զուտ երեխաներին ապահովելու հնարավորություն, բայց հոգու խորքում նա անընդհատ սպասում է ամուսնուն։

Դատարանը որպես ապացույց է ճանաչել ՊՆ զորամասի հրամանատարի տված տեղեկանքը, որում գրված է․ «Շարքային Վահե Մանուկյանը Վայոց Ձորի …զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկվել է 12.11.2021–26.11.2021 թթ. ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնելու ցուցակներում  եւ ծառայությունն իրականացվել է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում»։

Հայտնի է նաև, որ Վահե Մանուկյանը ծառայակից ընկերոջ հետ դիրքում է եղել։ Ընկերոջ համար ծանրոց են ուղարկած եղել։ Բայց քանի որ նա վնասել էր ոտքը, խնդրել է Վահեին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանը կատարել է խնդրանքը, վերցրել է ծանրոցը և հետ գալու, դիրք վերադառնալու ճանապարհին անհետացել է։

Ըստ Լիանա Մելիքսեթյանի, նոյեմբերի 12-ի առավոտյան Վահեն բարձրացել է «պոստեր»՝ հերթապահության, որը պայմանագրային զինծառայողների դեպքում 15 օր է տեւում: Նա հերթապահության վայր է հասել ժամը 12-ին: «Նորմալ գնացել է իր պոստը: Ոնց երեք տարի ծառայել է, նույնպես էդ օրը գնացել է ծառայության՝ տաքսիով: Նա չի ունեցել ո՛չ գումար, ո՛չ անձնագիր, ո՛չ աշխատավարձի քարտ: Այդպես չեն փախչում»:

Այդ օրը Վահեի վերջին «պերեսմենկան» է եղել: Նրա ծառայության պայմանագիրն ավարտվում էր, որից հետո մտադիր էր ևս երեք տարով երկարացնել ծառայությունը: Նա վարկեր ուներ, անչափահաս երեխաներ, որոնց պահում էր պայմանագրային զինծառայողի 180-200 հազար դրամ աշխատավարձով։

Վերջին անգամ դիրք բարձրանալուց առաջ Վահեն խոսել է կնոջ հետ իրենց առօրյա հոգսերից, ընտանեկան հարցերից։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest