Նորակոչիկ Էդգար Հարությունյանը երազում էր արագ ավարտել ժամկետային զինծառայությունը, վերադառնալ տուն, լավ աշխատանք գտնել եւ իրեն ու եղբորը միայնակ մեծացրած մորը լավ ու բարեկեցին կյանքով ապահովել:

44-օրյա պատերազմի հետեւանքով նրա ցանկությունները անկատար մնացին: Նորակոչիկ Էդգարը զոհվել է 2020 նոյեմբերի 7 լույս 8-ի գիշերը` Շուշիում: Ադրբեջանական կողմը նրա դին հայկական կողմին է հանձնել երեք ամիս անց` խոշտանգված վիճակում:

«Նրանից այս մի զինվորական լուսանկարն ունենք: Սեպտեմբերի 18-ին` իմ ծննդյան օրն է ուղարկել, զանգեց, ասեց` մամ, սա քեզ նվեր: Ընդհանրապես համազգեստով էլ չենք տեսել նրան»,- ասում է մայրը` Աննա Աջամօղլյանը:

Երկու տարի առաջ նոյեմբերի 6-ը եղել է վերջին օրը, երբ մայրը խոսել է որդու հետ. «Ամսի 7-ից կապը կտրվել է, լուր ընդհանրապես չենք ունեցել, մինչեւ փետրվարի 19-ը, երբ գտել ենք Էդգարիս: Այդ օրերը ահավոր ծանր էին ինձ համար, որովհետեւ երկու տղաս էլ ծառայության մեջ էին: 44 օր տանջվեցինք, տառապեցինք, մինչեւ վերջին օրը, երբ հեռախոսով խոսացինք: Վերջին խոսքն այն էր, որ մամ, կարոտել եմ շատ, անընդհատ ուզում եմ ձայնդ լսել, բայց գիտես, մամ, մեզ Շուշի են բերել ու շատ սոված ենք, հաց չկա ուտելու…դա է եղել, մինչեւ փետրվարին ես ու եղբայրս նրան գտել ենք Հերացիում: Մարմինը ճանաչել է եղբայրս»:

Ի սկզբանե Էդգարը ծառայել է Հադրութում, սակայն հայտնի մարտական գործողություններից հետո տեղափոխվել է Ֆիզուլի: «Երբ ինքը զանգեց սեպտեմբերի 27-ին, ասեց` մամ, հանգիստ եղիր, ոչ մի բան չկա, մեզ տանում են Ֆիզուլի, որ հանգստանանք, միայն Հադրութում է պատերազմը: Հետո հասկացա, որ դա ասում էր ինձ հանգստացնելու համար…ինքը շատ քիչ բան էր խոսում, հետո նրա հետ ծառայող նրա դասարանցուց եմ իմացել, որ քիչ էր զանգում, քիչ էր խոսում, քանի որ անընդհատ եղել է շրջափակման մեջ»,- պատմում է մայրը:

Աննայի խոսքով, ինքը այժմ չի պատկերացնում, թե ինչպես է դիմացել պատերազմի օրերին, երբ երկու որդիները եղել են առաջնագծում. «Նույնիսկ տնօրենս ասում էր, տուն մի գնա, մնաս տանը, գժվելու ես: Պահ է եղել, որ տուն գալիս ճանապարհը կորցրել եմ, չեմ իմացել, թե ուր եմ գնում: Մեծ որդիս հետախույզ էր, արդեն փորձառու էր, բարեբախտաբար նա տուն վերադարձավ, բայց հիմա նրա համար էլ է շատ դժվար»:

Ամիսներ շարունակ մայրը փնտրել է որդուն: Տեսանյութերում Շուշիի ցուցանակի մոտ դիերի մեջ նա ճանաչել է Էդգարին, սակայն բոլորը նրան համոզել են, թե նա սխալվում է.«Ես ու այլ ծնողներ դիմեցինք Մուրադովին, երկար ժամանակ հետո նոր տղաներին վերադարձրին: Ինձ թույլ չտվեցին մտնել ճանաչման, սկսեցին ասել, թե այլ գործողության պետք է մասնակցեմ: Թաղումը փակ դագաղով արեցինք: Հետո լսեցի, թե ինչպես են տղամարդիկ իրար պատմում, որ Էդգարիս դիակը խոշտանգված վիճակով վերադարձրել»:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest