Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում համապատասխան նշում չկատարելու խնդիրը արդիական է նաև 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մասին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

«Անցած տարիներին ՀՔԱՎ-ի աջակցության արդյունքում Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ զինծառայողների գրքույկներում կատարել է  համապատասխան արձանագրումներ։

Նախկին զինծառայող Հ․ Գ․-ի մայրը որդու զինգրքույկում մարտական գործողության մասնակցելու մասին նշում չկատարելու խնդրով ՀՔԱՎ էր դիմել այս տարվա օգոստոսին։ Հ․ Գ․-ն մասնակցել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքին, ապա տեղափոխվել այլ զորամաս և 2021-ի հոկտեմբերին առողջական խնդիրների պատճառով վաղաժամ զորացրվել, սակայն մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում նրա զինգրքույկում Պաշտպանության նախարարությունը չէր կատարել։ Միայն ՀՔԱՎ-ի  կողմից հարցը բարձրաձայնելուց հետո զինծառայողի մորից մենք տեղեկացանք, որ զինգրքույկում համապատասխան նշում կատարվել է։ Ուշագրավ է, որ մեր գրությանը Պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել՝ չնայած լրացել է գրությանը պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետը։

Սա ՀՔԱՎ-ի պրակտիկայում մի քանի տասնյակ դեպքերից միայն մեկն է, և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս հարցում համակարգային մոտեցում այդպես էլ չի ձևավորվել։ Պատկան մարմիններն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում, իսկ նշումները կատարում են կամակայակորեն կամ լրացուցիչ դիմումներից, այդ թվում՝ ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո։

Վերստին դիմում ենք Պաշտպանության նախարարությանը՝ այս խնդրին լուծում տալու, պատերազմական գործողություններին մասնակցած անձանց զինգրքույկներում համապատասխան նշումներն առանց բյուրոկրատական քաշքշուկների և լրացուցիչ դիմումների անելու համար․ դա թե պատերազմի մասնակիցների, թե պետական կառույցների համար ոչ միայն ժամանակի, ռեսուրսների վատնում է, այլև՝ պատերազմի մասնակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում», նշվում է հաղորդագրությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest