«Մարդկանց ուզում են ասել՝ ինչո՞ւ եք ապրում, գնացեք, կախվեք, այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Էլ տեղ չի մնացել, որ չդիմեմ։ Իրենց պետք էր, որ մենք անձայն անաղմուկ հեռանանք Աղավնոյից, սարեր էին խոստանում, մենակ թե դուրս գանք, իսկ հիմա մենք էլ պետք չենք ոչ մեկին»։ Աղավնոյի նախկին բնակիչ, 31 տարեկան Սաթենիկ Ավագյանը դառնացած է։

Նա քաղցկեղով հիվանդ մոր ու երեք երեխաների հետ, որոնցից  մեծը 14 տարեկան է, օգոստոսի 14-ին թողել է հայրենի գյուղը։ Ասում է, որ հայրենիքի կորուստից հետո էլ  կյանքի գույները չի տեսնում։

«Ես Աղավնոյում ապրել եմ 1994 թվականից, երեք տարեկանից։ Կիլոմետրերով ջուր էինք բերում, ճամփա չկար, լողանալու Հիմա Աղավնոն գեղեցիկ գյուղ էինք դարձրել  արդեն, 30 տարվա չարչարանքից հետո ու հենց հիմա պետք է թողնենք ու գնայինք», — ասում է երիտասարդ կինը։

Բայց ոչ միայն կարոտն ու այս տխուր մտքերն են Սաթենիկի կյանքը դժոխք դարձնում։ Հիվանդ մորը խնամելու համար նա ստիպված է եղել թողնել աշխատանքը, նստել տանը, օտար քաղաք Երևանում։ Ապրուստի միջոցը պետական սուղ աջակցությունն է, որը Արցախի Հանրապետությունը սահմանել է տեղահանվածների համար՝ 68 հազար դրամ միանվագ և 40 հազար՝ յուրաքանչյուր անձին որպես բնակվարձի փոխհատուցում։ 250 հազար դրամ էլ Կարմիր Խաչն էր տվել Աղավնոյից Հայաստան տեղափոխվելու համար։ Բայց պետական աջակցեության գումարները տեղ են հասնում երկու ամիս ուշացումով։ Իսկ Կարմիր Խաչի նպաստից մնացած կրճոններով մի կերպ տեղավփոխվել է ու ավտոտնակ է վարձել Սաթենիկը։ Ավելի ճիշտ՝ վերանորոգած, տուն դարձրած ավտոտնակ, որտեղ  ապրում է մոր և երեխաների հետ վարձով։ Ավտոտնակի համար նա ամսական վճարում է կոմունալ ծախսերը ներառյալ 130 հազար դրամ։

«Մենք ամիսներով սպասում ենք մեզ օրենքով հասանելիք կոպեկների։ Հուլիսի աջակցությունը՝ 40 հազար դրամները, տվել են սեպտեմբերի 25-ին, այնինչ մենք հիմա պետք է ստացած լինեինք 4 ամսվա գումարները։ Արցախի շտաբում, երբ բողոքեցի, ինձ կոպիտ պատասխանեցին, թե՝ 40 հազար տալիս ենք, ուրախ եղեք, գնացեք ու յոլա գնացեք։ Բայց ո՞նց յոլա գնանք, եթե ամիսներով չեն վճարում մեզ։ Ո՞ր տան տերը  հիմա կհանդուրժի անփող տնվորի», — հարցնում է Սաթենիկը։

Մայրը  նրա ամենամեծ հոգսն է։ Չի կարողանում քաղցկեղի դեղերը գնել։ Մի դեղը 300 հազար դրամից 2 հազար դոլար արժե։ «Պետությունից ոչինչ չենք ստանում, — ասում է Սաթե նիկը, — հիմա դեղ է ստանում մայրիկս՝ հերցեպտին, 370 հազար դրամ է, երկու հատ 370 հազար պետք է տամ, առնեմ, բայց ոչ մի կառույց ինձ չի տրամադրում այդ դեղը։ Ես էլ չեմ ուզում ոչ մեկից մի բան խնդրել, իմ խնդիրը շատ բարձ խնդիր է», ասում է Սաթենիկը։ Նա ստիպված է նայել, թե ինչպես է մայրիկը՝ Օվսաննա Հակոբյանը, Աղավնոյի դպրոցի ֆիզիկայի ու քիմիայի վաստակավոր ուսուցչուհին, տանջվում իր աչքի առաջ մահացու հիվանդության ճիրաններում։ Արցախի Հանրապետության օրենքով քաղցկեղով հիվանդներին հաշմանդամության  նպաստ չի տրվում, եթե նրանք 65 տարեկանից բարձր են։ Սաթենիկի մայրը 72 տարեկան է։

«18 տարեկան էին, որ հայրս մահացավ, տատիկս, ես Աղավնոյում ամուսնացա, ունեցա երեք երեխա, բաժանվեցի ամուսնուցս։ Պատերազմի ժամանակ մենք պետք է նոր տուն ստանայինք, երեխաներիս հետ արդեն տեղափոխվելու էի հորս տանից։ բանալիները  հանձնելու էին սեպտեմբերի 28-ին, բայց ամսի 27-ին սկսվեց  պատերազմը։ Եկանք Հայաստան։ Ապրեցինք Արտաշատում, մի որոշ ժամանակ աշխատոմ էի միրգ- բանջարեղենի խանութում, հետո եկա Երևան, տուն վարձեցի, առանձնացա, խանութի մենեջեր էի։ Հետո մեզ ասեցին, որ պետք է վերադառնանք Աղավնո։ Մեր համայնքապետը խոստանում էր, որ մեր գյուղը մնալու է։ Եկանք, տեսանք տունը թալանված, անգամ պատուհանների փեղկերն էին տարել։ Ում տանը որ տղամարդ էր եղել, հանել էր իրերը, ով որ չէր կարողացել, մեր նման, հանել իրերը, տունը թալանված գտավ։ Հիասթափվեցի, տխրեցի, մեր ընտանիքի էդքան տարիների չարչարանքը ջուրն ընկավ, նորից սկսեցինք զրոյից, ապրեցինք մինչև որ ասեցին՝ Աղավնոն տալիս են թուրքին», — այս հուշերին Սաթենիկը մեր զրույցի ընթացքում վերադարձավ մի քանի անգամ։ Նրա սրտում Աղավնոն դեռ ծխում է։ Այնտեղ են հոր, տատիկի գերեզմանները, որոնք Գյուղին հրաժեշտ տալուց առաջ երիտասարդ կինը հավասարեցրել է հողին, որ ոչ ոք չտեսնի, որ այդտեղ մարդիկ կան թաղված ու չպղծի։ Ասում է, որ տեղահանվածներից շատերն էին այդպես անում։

Հ․Գ․ Սաթենիկ Ավագյանին խնդրեցինք մի քանի լուսանկար ուղարկել Աղավնոյից, իր նախկին կյանքից։ Նա ասաց, որ բոլոր նկարները բջջային հեռախոսի մեջ են, որը մոլբարդ է հանձնել դեղ առնելու համար։

Սյուզան Սիմոնյան

 

Pin It on Pinterest