Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ:

Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է նույն կուսակցության վարչության անդամ (մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը), պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել և ընտրել է նույն կուսակցության անդամ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում կառավարող կուսակցության կողմից ընտրվել է այդ քաղաքական թիմի կազմում քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Այս բոլոր թեկնածուների ընտրությունը հնարավոր է դարձել բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ Վահագն Հովակիմյանի պարագայում՝ նաև հենց սեփական քվեի շնորհիվ՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում:

Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին: Մինչդեռ, այս գործառույթի պատշաճ իրականացումը լուրջ կասկածի տակ է դրվում անկախ մարմիններում ներկայացված կուսակցական անցյալով անձանց շրջանում շահերի բախման պատճառով:

Քաղաքացիական պայմանագիր  կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն  նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում:

Կառավարող քաղաքական ուժի կողմից սեփական կուսակցական անդամներին պետական մարմիններում ընտրությունն ու նշանակումը չի նպաստում նշված ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացմանը, հանդիսանում է կառավարող կուսակցության և պետական անկախ մարմինների սերտաճման արատավոր գործընթաց և անխուսափելիորեն ազդելու է ինչպես հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացման, այնպես էլ՝ դատական համակարգում արդյունավետ բարեփոխումների, այդ թվում՝ դատական իշխանության անկախության ապահովման և հանրային վստահության վրա:

 Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը և պահանջում ենք վերադառնալ հաշվետու կառավարման սկզբունքներին, պետական պաշտոններում ընտրություններն իրականացնելիս ապահովել բարեվարքության սկզբունքն ու բացառել  շահերի բախումը, այլ ոչ թե վերադառնալ Հայաստանի հասարակության մեծամասնության կողմից 2018թԹավշյա հեղափոխության արդյունքում մերժված գործընթացներին:

Պետական կառավարման նման արատավոր գործելակերպի վերարտադրությունը հիմնավոր կասկած է առաջ բերում, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով: Այս պրակտիկան կանխարգելելու և վերացնելու նպատակով  անհրաժեշտ է հրատապ կարգով կատարել օրենսդրական փոփոխություններ՝ բոլոր անկախ մարմինների անդամների թեկնածուների համար նախատեսելով առնվազն վերջին երեք տարիներին կուսակցական անդամության և քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում:

 Հայտարարությունը բաց է միանալու համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest