Հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզի զորամասերից մեկում պահեստազորային զինծառայող 37-ամյա Միսակ Պետրոսյանի մահը նրա հարազատների մոտ շատ հարցեր է առաջացրել: Երիտասարդի հուղարկավորության արարողությունից երկու օր է անցել, սակայն հարազատները դեռ չեն կարողանում ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Շատ լուսավոր մարդ էր, ու վտանգի պահին հասնող. հենց պավեսկեն ստացավ, չսպասեց, գնաց», -ասում էին հարազատները, որոնց դեռ վիշտը չի թողնում խոսել։

Պահեստազորային զինծառայողի մահվան մասին հոկտեմբերի 29-ին հայտնել էր Պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Պետրոսյանը «համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել»:

Նույն օրն ավելի ուշ Քննչական կոմիտեն առանց անուններ հայտնելու տեղեկացրեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 528-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը)»։

Նոյեմբերի 1-ին արդեն Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին վերոնշյալ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորվել է:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Forrights.am-ին ասել է, որ դեռ հարաքննություններ չեն կատարվել, բայց նախաքննությունը շարունակվում է, և ամեն ինչ հերթով կլինի:

Միսակ Պետրոսյանը ամուսնացած չէր, ապրում էր ծնողների և եղբոր հետ, Երևանում, ուներ սննդի արտադրամաս, զբաղվում էր բիզնեսով: Ծանուցագիրն ստանալուց անմիջապես հետո հոկտեմբերի սկզբին մեկնում է սահման, մասնակցում է եռամսյա վարժական զորահավաքին:

Հարազատներն ասում են՝ ուրախ էր, լուսավոր ու շատ բարեսիրտ, բոլորին հասնում էր օգնության: 44-օրյա պատերազմին մասնակցելու համար կամավորագրվել էր, սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի ժամանակ դիրքերին սնունդ է մատակարարել:

Հասմիկ Համբարձումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest