«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող 37-ամյա Նարեկ Մնացականյանը մի քանի օր է՝ հացադուլ, այնուհետև՝ ջրադուլ է հայտարարել՝ պահանջելով վերանայել իրեն առաջադրված մեղադրանքը, որի հետևանքով երկար ժամանակ է՝ կալանքի տակ է:

«Երեխես մեռնում ա, ի՞նչ անեմ, ասեք», -լացակումած հայտարարեց Forrights.am-ի խմբագրություն զանգահարած Նարեկ Մնացականյանի մայրը՝ Անժելա Գևորգորյանը:

Մայրն ասաց, որ իր որդին անմեղ է ու որպես ծայրահեղ քայլ, դիմել է հացադուլի և ջրադուլի:

«Անչափահաս մի տարեկան երեխա ունի, կինն էլ ծանր հիվանդ, ո՞վ նայի էդ ընտանիքին», -ասաց մայրը:

Նարեկ Մնացականյանը կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով՝ «Խուլիգանական դրդումներով մի խումբ անձանց կողմից մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելը և 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «խուլիգանություն»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից Forrights.am-ին հաստատեցին Նարեկ Մնացականյանի հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին տեղեկությունը:

«Նարեկ Մնացականյանը հոկտեմբերի 24-ին հացադուլ է հայտարարել, իսկ 26-ին՝ ջրադուլ: Առողջական վիճակի հետ կապված բողոք չի ներկայացրել: ՔԿՀ վարչության հոգեբանների պարբերական հսկողության ներքո է: Այդ քայլին գնալու պատճառը նրա բողոքն է քրեական գործի դեմ: Գործով հսկողություն իրականացնող դատախազը այցելել է Մնացականյանին», -Forrights.am հայտնեց ԱՆ ՔԿՎ լրատվության հետ կապերի պատասխանատու Նոնա Նավիկյանը:

Նա տեղեկացրեց, որ հացադուլ հայտարարելու առաջին օրը Նարեկ Մնացականյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և գլխի հետազոտություն անցել: Նրա խոսքով, այժմ մասնագետները աշխատում են Մնացականյանի հետ, ներկայացնում են հացադուլի և ջրադուլի հետևանքները:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ մեր ահազանգից և դեպքի մասին Forrights.am-ի ներկայացնելուց հետո փոխանցեցին, որ ՄԻՊ գրասենյակի ուշադրության ներքո կպահեն կալանավորի հետ կապված դեպքը: Ավելի ուշ, օրվա ընթացքում, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Նուբարաշեն ՔԿՀ և հանդիպել հացադուլավոր կալանավորին։

Իր պաշտպանյալի քայլի վտանգավորության մասին գիտի ու այդ մասին զգուշացրել է նաև նրա փաստաբան, հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը: Forrights.am-ի հետ զրույցում հանրային պաշտպանն ասաց, որ այդ քայլը չի ողջունում, քանի որ իր համար ընդունելի է խնդիրը իրավական ճանապարհով լուծելը:

«Նա համաձայն չէ մեղադրանքի հետ», -ասաց փաստաբանը՝ հրաժարվելով ներկայացնել մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը:

Նարեկ Մնացականյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ դատաքննություն իրականացնելու համար:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest