Հայաստանի Ազգային ժողովում 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 23 տարի անց իրավապաշտպանները փաստում են՝ ի սկզբանե հայտնի էր, որ այս քրեական գործը ամբողջությամբ չի բացահայտվելու:

«Հոկտեմբերի 27-ը այն գործն էր, որը չէր բացահայտվելու: Դա ակնհայտ էր: Ո՞վ կարող էր գալ և Ազգային ժողովում այդ սպանությունները կատարել, եթե չունենար ամուր թիկունք», — այսօր «Մեդիա կենտրոնի» «Հոկտեմբերի 27. դատական այս համակարգով հնարավո՞ր է բացահայտել հանցագործությունը» թեմայով քննարկմանը ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Վերջինը մասնակցել է «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավարությանը, որպես լրագրող լուսաբանել այն և հիշել է՝ գործի նախաքննությունը հսկող դատախազ Գագիկ Ջհանգիրյանը կաշկանդված էր իր գործողություններում և թերևս ցանկություն էլ չուներ բացահայտել այդ ողբերգության իրական պատճառները:

«Ասուլիսների ժամանակ տեսնում էինք զինդատախազի կաշկանդվածությունը և բացահայտ բաները ծածկելու միտումը», -նշել է Ալեքսանյանը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի կարծիքով, դատարանի վճիռը, երբ ահաբեկչական խմբի 8 անդամներից 7-ը ցմահ ազատազրկման էին դատապարտվել, ավելի շատ հարցեր առաջացրեց:

Իրավապաշտպանը հիշեցրել է, որ այս քրեական գործով կար հանցագործության պատվիրատուների վերաբերյալ անջատված մաս, որը իշխանափոխությունից հետո 2019-ին վերաբացվել էր:  Նա սակայն, մտավախություն ունի, որ չբարեփոխված իրավապահ համակարգը չէր կարող ամբողջապես բացահայտել Հոկտեմբերի 27-ի մայր գործից անջատված մասը:

«Նման չբարեփոխված, չվեթինգված համակարգում ես կարծում եմ՝ բացահայտում սկսելը շատ սխալ քայլ էր և ինչպես մարտի 1-ի գործը վերջնականապես տապալեցին, այնպես էլ այս գործը: Ավելին, իմ կարծիքով, Հոտկեմբերի 27-ի գործը հատուկ ակտիվացրեցին զուտ կոծկելու, վերջնականապես տապալելու համար», -ընդգծել է Նինա Կարապետյանցը:

Ժաննա Ալեքսանյանը հիշեցրել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի վերաբերյալ այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որակումը՝ «ուչաստկովիի մակարդակի գործ» ու ընդգծել. «Նման որակում տալով նա անարգում էր նաև այդ զոհերի հիշատակը:

Դատական համակարգը ամբողջությամբ ավերվեց հենց «Հոտեմբերի 27»-ի գործից հետո»:

Հիշեցնենք՝ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշել էր Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ ազատազրկման, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։ Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

«Հոկտեմբերի 27»-ի մայր գործից 2000 թվականին անջատվել էր մաս որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն այս գործը 4 տարի անց՝ 2004 թվականին Գլխավոր դատախազությունը կարճել էր՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ 2019 թվականին իշխանափոխությունից հետո Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա այն վերաբացվել էր, սակայն մինչ այժմ որևէ նորություն այս մասով չկա:

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադառնալով գործի վերաբացմանը ասել էր. «Ոչ թե ֆորմալ դատավարական գործողություն է իրականացվել, նաև տեսել ենք այդ քրեական գործով բազում անելիքներ, դրանով պայմանավորված՝ շատ ծավալուն դատավարական միջոցառումներ ձեռնարկելու ցուցում է տվել նախաքննական մարմնին հսկող դատախազը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ իմ կողմից հանձնարարություն է տրվել ԱԱԾ տնօրենին: Իհարկե, այստեղ նաև, ցավոք, ունենք հասկանալի դժվարին պատճառներ. դեպքից անցել է շուրջ 20 տարուց ավելի ժամանակ, առանձին անձինք ուղղակի կենդանի չեն և այլն: Բայց մեր ունեցած բոլոր հնարավորությունները պետք է փորձենք»:

Իրավապաշտպանները, սակայն որևէ հույս չունեն, որ վերաբացված գործի նախաքննությունը արդյունքներ կտա:

Մանրամասները՝ տեսանյութում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest