Արցախյան պատերազմից տուժած մի խումբ երեխաների հնարավորություն է տրվել բժշկական վերականգնողական ծառայություններ ստանալ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության եւ երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում։ «Երեխաները հիմնականում հոգեբանական եւ նյարթային խնդիրներ ունեն եւ իսկապես նման աջակցության կարիք ունեին»,- ասում է երեխաներից մեկի մայրը` Գոհար Օհանջանյանը:

Տիկին Գոհարի խոսքով, ծրագրին մասնակցում է իր հինգ երեխաներից միայն մեկը` 11-ամյա Արմենը: Այժմ երեխաներն արդեն գտնվում են Սլովենիայում, կվերադառնան հոկտեմբերի 21-ին.«Ամեն օր երեկոյան ծնողներով կարողանում ենք երեխաների հետ խոսել, իմանալ նրանց տպավորությունները: Այնտեղ հատուկ առողջության վերականգնմանն ուղղված հագեցած օր է կազմակերպվում: Մրցումներով, խաղերով, զբոսանքով: Զգում ենք, որ երեխաներին հետաքրքիր է, նաեւ այն որ գոնե կարճ ժամանակով նրանք կարողանում են կտրվել այստեղից եւ այստեղի խնդիրներից»:

Նշենք, որ Օհանջանյանների բազմազավակ ընտանիքը պատերազմի հետեւանքով կորցրել է ամեն ինչ, այժմ վարձով ապրում է Արմավիրում: Գրիգոր եւ Գոհար Օհանջանյանները մինչեւ 2020-ը ապահով կյանքով են ապրել, աշխատել են Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վարչակազմում: Երկու տուն, հողամաս ունեին, այժմ Հայաստանի տարբեր մարզերում ժամանակավոր աշխատանք են փնտրում, բերք են հավաքում, բանվորություն են անում:

Գոհար Օհանջանյանի խոսքով, Սլովենիյա մեկնած երեխաների թվում են Հադրութի, Քաշաթաղի եւ այլ շրջաններից տեղահանված, նաեւ պատերազմում հարազատներ կորցրած երեխաներ:

Առողջությունը վերականգնելուն ուղղված ծրագրի մեջ նշվում է, որ Սլովենիայի Հանրապետության կողմից իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրում ընդգրկված երեխաները ստանում են տարբեր թերապիաներ, ներառյալ՝ հիդրոթերապիա, շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականությունն ամրապնդող վարժություններ, մասնակցում են կրթական եւ սոցիալական միջոցառումների:

Իսկ ծրագիրն իրականացվում է «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի շրջանակում՝ ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության համաֆինանսավորմամբ։

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest