Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է քրեորեն պատժելի արարքներ համարել ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Այսպես, ըստ հանրային քննարկման դրված նախագծի ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելու համար կառավարությունն առաջարկում է պատիժ ազատազրկում 12-ից մինչև 15 տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ հեղինակավոր միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության նպատակով խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը և պատասխանատվության սահմանումն ինքնին իրավաչափ է համարվում, եթե կարծիքի արտահայտումը՝ հրապարակային կոչը, ելույթը, հոդվածը ուղղված է բռնության հրահրմանը կամ դրա սպառնալիք է պարունակում:

Նախագծի հիմնավորում մատնանշում են միջազգային փորձը. Գերմանիայում քրեական պատասխանատվություն է սահմանված ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական գոյությունը խաթարում կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի վրա հիմնված սահմանադրական կարգի փոփոխություն ձեռնարկելու համար:

Իսկ Լիտվայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն անձի համար, ով հրապարակայնորեն կոչ է արել բռնությամբ խախտել Լիտվայի Հանրապետության ինքնիշխանությունը՝ փոխել սահմանադրական կարգը, տապալել օրինական իշխանությունը, ոտնձգել նրա անկախությունը կամ խախտել տարածքի ամբողջականությունը, ստեղծել զինված խմբավորումներ այդ նպատակների համար կամ սույն գլխով նախատեսված այl հանցագործություններ կատարել, որոնք հարձակում են Լիտվայի պետության վրա։

Էստոնիայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում գործունեության համար, որն ուղղված է Էստոնիայի Հանրապետության անկախության, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության բռնի խախտմանը, իշխանության բռնազավթմանը կամ ցանկացած այլ եղանակով Էստոնիայի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest