Արցախյան պատերազմում զոհված Արայիկ Ղահրամանյանի մայրը` Մարինե Ղահրամանյանը քսան օր առաջ դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ խաբեության զոհ է դարձել: Ոմն Սեդրակ Սահակյան, ով տարբեր բնակավայրերում զբաղվում է կառուցապատմամբ, ընտանիքից գումար է վերցրել, չի կատարել նոտարով հաստատված իր պարտավորթւունները եւ անհետացել է:
«Մենք Ստեփանակերտից ենք: Տղաս Եռաբլուրում է: Պետությունից ստացած գումարով մենք որոշեցինք մի փոքրիկ տարածք գնենք Եռաբլուրին մոտ, որ ամեն անգամ Երեւան գալիս վարձով չապրենք: Գտանք այդ մարդուն, տվեցինք 12 մլն դրամ, որով նա պետք է իմ անունով հողակտով գրանցեր, հետո փոքրիկ շինարարություն աներ: Աշխատանքները անընդհատ հետաձգվում էին, ինչ-որ պահից էլ ընդհանրապես այդ մարդը կորավ ու կորավ»,- պատմում է զոհված զինվորի մայրը:
Ղահրամանյանները տեղի ունեցածի առիթով դիմել են ոստիկանության Մաշտոցի բաժին, մանրամասն ներկայացրել են տեղի ունեցածը, ինչից հետո նրանց հայտնել են, որ «գործն ուղարկվել է քննչական»: Թե ինչ փուլում է այժմ գործը, արդյոք արդեն կա հարուցված քրեական գործ եւ եթե այո, ապա որ հոդվածով, հայտնի չէ, զոհված զինվորի ծնողներին իրավապահները դեռեւս որեւէ բան չեն հայտնել, որեւէ ծանուցագիր չեն ուղարկել:
Մարինե Ղահրամանյանի խոսքով, նշված անձի զոհ է դարձել առնվազն եւս 11 ընտանիք, որոնցից մեկն դիմել է դատարան: Կինն ասում է, որ իրենք անգամ այցելել են Սահակյանի հարազտներին` փորձելով նրա մասին որեւէ տեղեկություն ստանալ: Վերջինները, սակայն, ոչ միայն ոչինչ չեն հայտնել, այլեւ վիրավորել են տուժող քաղաքացիներից մեկին:
Զոհված զինվորի մայրն ասում է` չգիտի ի վերջո կհաջողվի իր գումարը գտնել, թե ոչ, սակայն տեղի ունեցածը շատ վիրավորական է.«Այդ անձը գիտեր, որ ես իրեն իմ տղայի փողն եմ տալիս: Շատ լավ գիտեր ու հասկանում էր, թե ինչի համար է մեզ այդ նոր տարածքը պետք: Հիմա ես շատ եմ ուզում, որ իրավապահները նրան գտնեն, սակայն ավելի շատ ուզում եմ դա ոչ թե այն պատճառով, որ գումարը վերադարձնի, այլ որ կանգնի իմ առաջ ու աչքերիս մեջ նայի»:
Անի Գևորգյան
Մանրամասները տեսանյութում՝
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: