«Ընտանիքս ամբողջությամբ նվիրված է եղել հայրենիքին»,- ասում է 44-օրյա պատերազմում զոհված սերժանտ Արայիկ Ղահրամանյանի մայրը:

«Մնք ապրում ենք Ստեփանակերտում, հենց կենտրոնում, եկեղեցու մոտ: Ես, ամուսինս եւ երկու տղաներս: Ամուսինս զինծառայող էր, մասնակցել էր առաջին պատերազմին, հիմա զինվորական թոշակառու է: Մեծ տղաս սովորում է Երեւան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի յոթերորդ կուրսում` ինտերնատուրայում, պայմանագրով: Քսան տարվա պայմանագիր է, ըստ որի, երբ ուսումն ավարտի, գնալու է իր հայրենի հողը` պաշտպանելու իր հայրենիքը: Իսկ փոքր տղաս 18 թվականին զորակոչվեց բանակ: 20 թվականին պետք է ծառայությունն արդեն ավարտեր, տուն գար, բայց սկսվեց պատերազմը»,- պատմում է Մարինե Ղահրամանյանը:

Արայիկը սերժանտ էր, ծառայում էր Ջրականում: Մոր խոսքով, պատերազմի ընթացքում նա պարբերաբար զանգում էր, սակայն շատ բան չէր ասում. «Երբ զանգում էր, իրեն ասում էի` Արո ջան, երբ զանգում ես, միայն ասա` մամա, ուրիշ ոչինչ պետք չի, միայն քո ձայնը լսեմ, իմանամ, որ կաս: Այդպես էլ անում էր: Մի օր զանգեց, ասեց, որ լավ է, բայց մի բան է պատահել, որ երբեք չի մոռանա` ձեռքերիս մեջ հրամանատարս է զոհվել»:

Հայտնի է, որ Արայիկը եւս 18 ծառայակիցների հետ զոհվել է Մարտունու մերձակայքում, որտեղ տղաներին առաջնագիծ տեղափոխող մեքենայի վրա ԱԹՍ է պայթել:

Ստեփանակերտում Ղահրամանյանները ոչ մի կերպ չեն կարողացել գտնել որդուն, որոշել են գալ Հայաստան, որոնումները շարունակել այստեղ: «Նոյեմբերի 7- ին Ստեփանակերտից դուրս եկանք, եկանք Հայաստան, այստեղի բոլոր դիահերձարաններ, հիվանդանոցներ գնացինք տղասյիս ու ամուսնուս հետ: Ամեն օր դատաբժշկական էինք գնում, մի օր չդիմացա, մի քիչ այլ կերպ խոսացի, ասեցի` հերիք է, երեխաիս տվեք ինձ: Չգիտեմ, իմ այդ խոսալն էր պատճառը, թե ոչ, բայց հաջորդ օրը զանգեցին, ասեցին` ձեր տղային եկեք տարեք: Ամուսինս եւ տղաս ներս մտան: Արոս վառված էր, բայց ճանաչելի էր»,- պատմում է զոհված զինվորի մայրը:

Արայիկը հուղարկավորվել է Եռաբլուրում` 2020-ի դեկտեմբերի 5-ին: Նրա ընտանիքն այժմ ամսվա կեսը անց է կացնում Ստեփանակերտում` իրենց տանը, ամսվա մյուս կեսը Երեւանում` վարձով բնակարանում, որպեսի կարողանա հաճախ այցելել Արայիկի շիրիմին:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest