Նույնականացվել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների 201 մարմին։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհվածների չնույնականացված մարմիններ չեն մնացել։

Նախարարը տեղեկացրել է, որ կան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների նույնականացված մարմնի մասեր, որոնք դեռ հողին չեն հանձնվել։ Պաշտոնյան չի կարողացել կոնկրետ թիվ նշել։

Ավանեսյանը նշել է, որ Նիդեռլանդներում երկու անգամ 44-օրյա պատերազմում զոհվածների մարմնի մասերի փորձաքննություն է կատարվել։ «Առաջին եւ երկրորդ փորձաքննությունների արդյունքներն արդեն ստացվել են։ Բայց կան մարմնի մասեր, որոնք Նիդեռլանդներում անհնար է եղել նույնականացնել»,- ավելացրել է նա։

Նախարարը խոստովանել է, որ եղել են դեպքեր, երբ ծնողները չեն համաձայնել փորձաքննության արդյունքներին։ «Մեր իրականացրած ավելի քան 60 փորձաքննությունների արդյունքները կրկնակի, եռակի փորձաքննություն են անցել արտասահմանում։ Բոլորի վերաբերյալ նույն արդյունքներն են ստացվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest