Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, այսօր քիչ առաջ բավարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 17-ին Ազգային անվտանգության ծառայության ծառայողները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել Էրիկ Ալեքսանյանին։

Փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես այսօր ավելի վաղ կալանավորվել էր։ Նրանք երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

«Դատավորին օժանդակությունը համարում են իմ կողմից իմ մասնագիտական գործունեություն ծավալելը՝ պաշտպանյալիս համար խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին միջնորդություն ներկայացնելը: Մեղադրանքը չեմ ընդունում, հավատացե՛ք, այն հորինված է», -այսօր ավելի վաղ ձերբակալության ժամկետի ավարտին դատարանից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ ԱԱԾ-ի հարուցած վարույթը որակելով «մերկապարանոց հայտարարություն»:

Նա մի քանի ուշագրավ հայտարարություններ ևս արել էր: Մասնավորապես, ընդգծել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում չկան փաստեր, իսկ հարուցված վարույթը իր նկատմամբ ճնշման փորձ:

«Այն, որ հայտնվել եմ մեղադրյալի աթոռին, չի նշանակում, թե դա կարող է կաշկանդել ինձ: Ես բազմաթիվ հնչեղ գործերով փաստաբան եմ և գաղտնիք չէ, որ սուր քննադատոթյան եմ ենթարկել իրավապահ մարմիններին, եթե կարծում են, որ կարող են կաշկանդել ինձ, ապա չարաչար սխալվում են: Սա ոչ այլ ինչ է, քան իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ինձ լռեցնելու փորձ», -ասել է նա:

Փաստաբանը խոստացել է, որ ապացուցելու է՝ ոչ միայն մեղավոր չէ, այլ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ:

«Քննիչի կողմից ներկայացված որևէ փաստական տվյալով չի ապացուցվում, որ եթե ես որոշակի գործողություններ կատարել եմ, գիտակցել եմ, որ ենթադրաբար այլ պաշտոնատար անձ ունի հանցավոր մտադրություն: Արուսյակ Ալեքսանյանի մասով էլ ասեմ՝ նրա մեղադրանքն էլ ծայրից ծայր ապօրինի է: Նշվում է, թե նա լիազորություններ է չարաշահել, բայց չի նշվում, թե որ լիազորություններն է չարաշահել: Քննիչը ոչ փաստական տվյալ է դրա մասին ներկայացնում, ոչ պարզաբանում է տալիս, ոչ էլ մեր հարցերին է կարողանում պատասխանել», -ընդգծել է փաստաբանը:

Հասմիկ Համբարձումյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest