ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ և Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Հայտարարության մեջ ասվում է․

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022թ. սեպտեմբերին։ Ռազմական ագրեսիայի այս գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, Հայաստանի բնակավայրերը՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Կան խոշտանգումների, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման սարսափելի դեպքերի ապացույցներ։

Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, միջազգային մարդասիրական իրավունքը և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած կանոնադրական, պայմանական պարտավորությունները։

Մենք նաև դատապարտում ենք ռազմագերիների և գերեվարված հայերի նկատմամբ դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում։ Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ կերպով ներգրավվել բանակցային գործընթացում։

Մենք պահանջում ենք ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ գերիների շուտափույթ հայրենադարձում»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest