Պայմանագրային զինծառայողները հավելավճար կստանան, եթե ատեստավորում անցնեն․ Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը և ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ նախագծերի ընդունումը համարելով անհետաձգելի։

Նախագծով՝ արդեն մարտական խնդիրներ, պլանավորում և վերահսկում իրականացնող պայմանագրային զինռայողներն ատեստավորումը կանցնեն կամավորության սկզբունքով։ Նման գործառույթներ ունեցող և պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ քան երեք ամիս հետո և ոչ ուշ քան չորրորդ ամիսը լրանալու օրը։

Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հավելավճարը կհաշվարկվի պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ովքեր ատեստավորումը կձախողեն, կրկնակի ատեստավորման համար կարող են դիմել տարեկան ոչ ավելի քան երկու անգամ, իսկ արդեն հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սա համարելով պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու նախագիծ՝ շեշտեց՝ անցնում են նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում։ «Մենք հայտարարել ենք, որ անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, և սա բարեփոխումների կարևոր և անբաժան մասն է», — ասաց Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest