Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ, որի արդյունքներով կներկայացնեն առանձին զեկույց: Այնտեղ կարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նաև ընդգծեց, որ հայ զինծառայողներն անգամ բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել։

«Մեկ տղա կա, որն այս պահին հոսպիտալում է գտնվում, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կներկայացնենք, որտեղ կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենքներկայացրել ենք փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները։

Նրա խոսքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել և առանձին զեկույց են հրապարակել։ Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։

«Ադրբեջանը խրախուսում է հայերի նկատմամբ պատերազմական հանցագործությունները: Երբ խոսում ենք նման բարբարոսությունների, մարդու իրավունքների նման լայնածավալ խախտումների մասին, սրանք փաստեր են, որոնք պետք է ընկած լինեն խաղաղության բանակցությունների սեղանի վրա։ Ես, որպես ՄԻՊ, չեմ համարում, որ պետք է խոսենք պատերազմից և ասենք, որ չենք ուզում խաղաղություն։ Տարբեր համայնքներում իմ հանդիպումների ժամանակ մեզ հանդիպած մարդիկ առաջին հերթին նշում են՝ մենք ուզում ենք խաղաղություն, որը կերաշխավորի անվտանգությունը։ Զինվել և հարձակվելն ամենակործանարար միտքն է, մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղության հասնելու համար, որը կապահովի անվտանգությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ զեկույցը կներկայացնեն միջազգային կառույցներին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest