Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը՝ տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից», — ասված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հայտարարության մեջ։

Երեկ համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն այսօր հայտնել է, որ հայկական կողմը գնդակահարության վերջին դրվագով ևս դիմելու է Եվրոպական և Միջազգային արդարադատության դատարաններին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest