Ռուս-թուրքական դաշինքից Հայաստանին սպառնացող վտանգները չեն չեզոքացվել,  նվազել են Երևանի՝ Վաշինգտոնի ու Փարիզի հետ ունեցած վերջին ակտիվ շփումների ֆոնին։ Forright.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհանիսյանը։

«Կչեզոքացվի, եթե դա ունենա կազմակերպչական, իրավական հետևանքեր։ Այսօր մեզ տրված է շանս, մենք պարտավոր են այդ շանսը օգտագործել և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և բոլոր այն երկրների հետ, որոնք սրտակից են Հայաստանին, նրանց հետ հարաբերություններն օրինականացնել»,-ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ ԱՄՆ երրորդ բարձրաստիճան պաշտոնյայի այցը ոչ, թե տարածաշրջանային էր, այլ նպատակային՝ հենց Հայաստան, որը զուգադիպեց սեպտեմբերի 13-ից ադրբեջանական կողմի հրահրած ռազմական ագրեսիայով։ Փորձագիտական շրջանակները ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը գնահատեցին շատ կարևորը, որը հնարավորություն է տալիս ապահովել Միացյալ Նահանգների բյուջետային հնարավարությունների առկայություն հայ-ամերիկյան տարբեր ծրագրերում։ Հատկապես ուշագրավ էր Փելոսիի և հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցություն անվտանգային ոլորտներում։

Սեպտեմբերի սկզբին էլ Սուրեն Պապիկյանը մեկնել էր ԱՄՆ, իսկ վերջին՝ Ֆրանսիա։ Նախատեսվում է նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Հայաստան։ Նախորդ շաբաթ Փարիզ էր այցելել Հայաստանի վարչապետը, ում Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ մասնավորապես պահանջելով հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զինուժը վերադարձնել ելման դիրքեր:  Սեպտեմբերի 13-ի մարտերից հետո նաև ԱՄՆ էր հասցեական քննադատել Ադրբեջանի գործողությունները, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ, Նյու Յորքում հանդիպել երկու երկրների ԱԳ նախարարներին։

Քաղաքագետ Արմեն Հովհաննսիսյանը հայաստանցի ու արևմտյան պաշտոնյաների հանդիպումների ակտիվացումը դրական է համարում։

«Օպտիմիստներն ասում են, որ սա քայլ է դեպի Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերում և քաղաքակիրթ աշխարհի երկրների հետ նույն ընտանիքում փորձ է։ Ես այդ աստիճան լավատես չեմ, բայց բոլոր դեպքերում այն, որ ամեն օր չեն մեզ մոտ 200 հոգի զոհվում, դա նաև արդյունք է այդ այցերի։ Եթե միայն այդ արդյունքն ունենանք այս փուլում, դա էլ վատ չէ»,- ասում է քաղաքագետը։

Այս այցերի ու հանդիխումների ֆոնին նաև հայտնի դարձավ, որ Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի սպառազինություն է վաճառել։ Երևանը չի հաստատում տեղեկությունը, բայց նաև չի հերքում։ Փորձագետները այցերն ու սպառազինության ձեռքբերումը դիտարկում են որպես մեկ փոխկապակցված փաթեթ։ Այուհանդերձ, առայժմ անհայտ է, թե որ գերտեսրությունն է Հարավային Կովկասում որոշում կայացնողը, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանի դիրքերը թուլացել են, իսկ  ազդեցությունը՝ նվազել։

«Հիմա Ռուսաստանի տեղի մի մասի վրա Իրանն է հավակնում։ Նախկին դիվանագետների շուրթերով ասում են՝ մեր հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքեք, կունենանք ՌԴ-ի հետ, մեր հետ և մենք կապահովենք ձեր անվտանգությունը։ Արևմուտքն է մտնում, Թուրքիան էլ ասում է՝  ձեզ ոչ ոք պետք չի, ես այս ռեգիոնի «նայողն եմ»։ Երբ թուլացել է ՌԴ-ն կան մի քանի հավակնող երկրներ, չի կարելի անցումային փուլում որոշել, թե ով է»,-ասաց քաղաքագետը։

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի սուվերեն տարածքը 29,800 ԿՄ քառակուսի է, իսկ երեկ տված հարցազրույցում նշեց՝ հոկտեմբերի 2-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պաշտոնապես քննարկումներ են սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունները բանակցելու են, որ Ադրբեջանը որպես Հայաստանի տարածքային ամբողջականություն ճանաչի 29,800 ԿՄ քառակուսի տարածքը։ Քաղաքագետը մտահոգիչ է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Այս թեզը, որ Արցախը տալիս են իր ողջ տարածքով, կառավարությունն ընտրել էր դեռ 2020 թվականին։ կապ չունի Ադրբեջանին, թե ռուսներին, բայց տալիս ենք ամբողջությամբ, դրա փոխարեն Ռուսաստանն, Ադրբեջանը, Թուրքիան գնահատելով այդ կապահովեն մեզ անվտանգություն։ Պատրաստ էին հաշտության պայմանագիր կնքեին թարմ հետքերով՝ մեզ համար աննպաստ պայմաններում, դեռ   2021 թվականի առաջին ամիսներին։ Այս կառավարությունն այդ գծից չի կարող շեղվել, ինքը պնդելու է, որ ճիշտ է, այդ պարտության մեջ որևէ բացասական մասնակցություն չի ունեցել, միայն նախկինները, աշխարհը, եղանակը, ամեն ինչ, պատմությունը, բայց ոչ իրենք ․․․այդ գիծը տանելու ենք մինչև վերջ։ Մենք տեսնում ենք, որ Քարվաճառի տալը առանց մի կրակոցի գին ունի՝ վարդենիսցի մեր հայրենակիցները չեն կարողանում հանգիստ քնել իրենց տներում։ ՔՊ-ի աշխարհայացքը սին է և որևէ դրական բանի չի բերելու»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest