44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը զոհվածների բազմաթիվ ծնողներ դիմավորեցին  Եռաբլուրում: Նրանք այնտեղ էին նաեւ ողջ օրվա ընթացքում:

 

«Ոնց որ ժամանակ անցած չլինի: Ականջիս մեջ տղայիս վերջին զանգն է ու նրա ձայնը… բայց մենք երկու տարի է քարի հետ ենք խոսում ու արդեն ամբողջ կյանքն այդպես է լինելու»,- ասում է զոհված Մարտիրոս Սարյանի մայրը: Մարտիրոսը  Հադրութի Նոր Թաղել գյուղում ապրող ընտանիքի հինգ զավակներից մեկն էր: 44-օրյա պատերազմից եւ դրանից ամիսներ շարունակ լուր չունենալուց հետո, ծնողներին հայտնի է դարձել, որ նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը:  Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մարտիրոսը սեպտեմբերի 27- ին ժամը 12:30-ին գլխի հատվածում հրազենային վնասվածք է ստացել ու տեղում մահացել է: Զոհվածի ընտանիքն այժմ վարձով ապրում է Չարենցավանում:

Պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրը համոզված է, որ որդին եւ նրա զինակիցները, ովքեր պատերազմի ողջ ընթացքում անցել էին դժոխքի միջով, կարող էին ողջ մնալ նաեւ Շուշիում, եթե տեղում պարկեշտ ու պատասխանատու հրամանատար ունենային: Նրա այս պնդումը անհիմն չեն համարել նաեւ իրավապահները:

 

Նոյեմբերի 7-ին Շուշիում գտնվող Ստեփանակերտի «Ցոր» զորամասի 8 հոգանոցդասակիցողջ է մնացել միայն մեկ զինվոր: Մյուս զինվորների աճյունները հնարավոր է եղել նույնականացնել եւ ընտանիքներին հանձնել ԴՆԹ տվյալների միջոցով միայն` պատերազմի ավարտից երեք ամիս անց: Միայն պատերազմից հետո է Գայանե Արզումանյանին հայտնի դարձել, որ 42 օրերի ընթացքում որդին ոչ թե եղել է Ստեփանակերտի իր զորամասում, այլ մասնակցել է թեժ մարտերին Հադրութում, Քարինտակում, Շուշիում: «Ոչ մի անգամ չտրտնջաց Էրեխեն…Ամսի յոթին զանգեց, ասեց` քեզ լավ նայի, մամ ջան»,- պատմում է մայրը:

34-ամյա Սուրեն Ռոստոմյանը զոհվեն է հոկտեմբերի 11-ին:

«Մի անգամ է կապի դուրս եկել՝ հոկտեմբերի 3-ին, ու էլ կապ չենք ունեցել: Ասաց՝ լավ եմ, էլի  կզանգեմ: Շատ լավ տրամադրությամբ էր գնում… Ինքը վիրավոր է եղել դեմքից, ուղարկել են, որ գնա, բայց չի գնացել, ասել է՝ չեմ կարող էս երեխեքին թողնեմ, գնամ: Կռվել է մինչեւ վերջ ու հերոսաբար զոհվել է»,- պատմում է Սուրենի կնոջ մայրը:

Նշենք, որ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության նահատակվածների: Զոհված տղաների շատ ծնողներ մասնակցել են այդ միջոցառմանը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest