ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։

Սփիերը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց։ Ջեքի Սփիերը ևս պատվիրակության կազմում էր։

Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձևը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը և համերաշխություն հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։

Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի՝ կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն:

Սփիերի նախաձեռնությունը հաջորդում է Ադամ Շիֆի և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարների կողմից շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ 1351 բանաձևի նախագծին։ Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին և դատապարտել ադրբեջանական հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ։ Բանաձևի նախագիծը ներկայումս ունի 44 կոնգրեսականի ստորագրություն:

Pin It on Pinterest