44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, սակայն Ադրբեջանը իր մոտ շարունակում է պահել մեծաթիվ ռազմագերիներ: Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ հայկական կողմն ունի 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Երկու տարիների ընթացքում Ադրբեջանը միջազգային իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ վերադարձրել է 156 հայ գերիներ:
Այս պահին պաշտոնապես հաստատված 33 ռազմագերի է պահվում Ադրբեջանում, որոնք արդեն երկու տարի է՝ գերության մեջ են: Սակայն սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով նրանց թիվը ավելացել է 20-ով:
Սահակյանն ասում է՝ վերջին երկու տարիների ընթացքում անհատական գանգատներով դիմել ու շարունակում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայ ռազմագերիների հարցը միջազգային իրավական հարթակում ներկայացնելու համար: Բացի այդ, Հայաստանի կառավարության կողմից ՄԻԵԴ-ում կա ներկայացված միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի, որում նաև ընդգծվում է հայ ռազմագերիների նկատմամբ այդ երկրի դաժան վերաբերմունքը:
«Գերիների հարցը անուղղակիորեն արծարծվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից կարծում եմ, որ իրավական ջանքերը բավական ինտենսիվ են եղել, որոշ առումով՝ աննախադեպ, որովհետև Հայաստանը նախկին ժամանակահատվածում զերծ է մնացել որևէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն առաջին անգամն է, որ ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում», — «Պատերազմի երկրորդ տարելից. Միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել» թեմայով քննարկմանն ասել է Սիրանուշ Սահակյանը:
Այսքանով հանդերձ, իրավապաշտպանը միջազգային իրավական հարթության վրա հայկական կողմի գործողություններում բաց է նկատել. Հայ ռազմագերիները նաև պատանդներ են, իսկ այդ փաստը անտեսվում է ներկայացված դիմումներում:
«Կարծում եմ, որ պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց պետք է սկսել հենց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, քանի որ փորձը ցույց տվեց, որ գերիները դադարել են զուտ գերիներ լինելու և նրանք պատանդի կարգավիճակում պահվում ու օգտագործվում են որպես միջոց Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումը ուժեղացնելու նպատակով, և նրանց հայրենադարձումը ուղղակի կախված է քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից: Դրա համար կան բավարար փաստեր պնդելու, որ նրանք պատանդներ են», -ընդգծում է Սիրանուշ Սահակյանը:
Հնարավո՞ր է ադրբեջանցի պաշտոնյային պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործության համար
Իրավապաշտպանն ասում է՝ այո, հնարավոր է, սակայն դա բարդ իրավական գործընթաց է, որին պետք է նախորդեն քրեական վարույթներ:
«Այս պահի դրությամբ նկատելի է բաց է այն, որ մենք չունենք ադրբեջանցի ռազմական կամ քաղաքական գործիչ, որը կանգնել է դատարանի առջև, մինչդեռ բոլորս գիտենք, որ առանց նրանց հրամանի այսպիսի մասշտաբային պատերազմական գործողություններ չէին կարող լինել», -ասում է Սիրանուշ Սահակյանը:
Մասնագետն ասում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները կարող են ուսումնասիրել, քննել, կատարողներին նույնականացնել և միջազգային համագործակցության շրջանակներում հետապնդել ու Հայաստանում անգամ դատապարտել ադրբեջանցի զինծառայողներին: Սակայն հարց է՝ ինչպե՞ս կկարողանան Հայաստանի իշխանությունները ադրբեջանցի զինծառայողին բերել Հայաստան:
«Կարծում եմ՝ գրագետ աշխատանքի արդյունքում հնարավոր է՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչու ոչ նաև ուժի ցուցադրմամբ: Մենք գիտենք միջադեպեր, երբ մի պետության ուժային ծառայությունները կարողացել են հատուկ գործողության ժամանակ ձերբակալել ու իրենց երկրում դատարանի առջև կանգնեցնել մեղավորներին», -նշում է Սահակյանը:
Պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումները՝ մեկ զեկույցում
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ամփոփվել են փաստահավաք զեկույցում, որտեղ ներկայացվում են Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները։
«Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»-ի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հստակեցնում է՝ արցախյան պատերազմի առաջին օրերից քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ լծվել են փաստահավաք զեկույցը կազմելուն: Ռասիզմ և հայատյացություն, էթնիկ զտումներ, կյանքի իրավունքի խախտումներ, խոշտանգումներ, էկոլոգիական իրավունքի խախտումներ, լրագրողների թիրախավորում. այս ու նման շատ հարցեր, Ամիրյանի ներկայացմամբ, ներառվել են զեկույցում, որն ունի 400 էջ և կազմվել է շուրջ 800 հարցազրույցների հիման վրա:
Օրիակ՝ միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանը հուշում է՝ միջազգային կոնվենցիաների (Ժնևյան կոնվենցիա-հեղ.) համաձայն, ռազմագերին կարող է վերադարձվել ամենաուշը ռազմական ակտիվ գործողությունների ավարտին: Սակայն արցախյան պատերազմի դեպքում այդ ժամկետները չեն պահպանվել ու մի բան էլ ավելի՝ չարաշահվում են:
Նա հստակեցնում է՝ քաղհասարակության կողմից հավաքված ու կազմված փաստահավաք զեկույցը մարդու իրավունքների խախտումների մասին է, որովհետև այդ փաստերով պետությանը, այս դեպքում Ադրեջանին, պատասխանատվության ենթարկելու հավանականությունը բարձր է: «Փաստահավաք զեկույցում մենք ներկայացնում ենք, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով տեղի են ունեցել նաև բռնի անհետացումներ. 203 անձի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է: Նրանցից 20-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք», -ասում է Աննա Մելիքյանը:
Ամիրյանն ասում է՝ զեկույցը, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ներկայացվում են միջազգային հարթակներում, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններին: Ինչպես նաև կտրամադրվի պետական գերատեսչություններին, գրադարաններին, կրթական հաստատություններին:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: