«Այս տարի անգամ օգնություն բերող քաղաքացիները եւ ուսանողները օգնությունը բերում են կարծեղ ուղղակի բերելու համար, իսկ երկու տարի առաջ բերում էին հաղթանակի համար: Անցած անգամ բոլորը հավատում էին հաղթանակին»,- ասում է ուսանողուհի Անահիտը:

Անահիտ Ենոքյանը պարարվեստի ռեժիսոր է, սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մագիստրատուրայի առաջին կուրսում: Այս պահին նաեւ  ուսանողական խորհրդի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է, ով զբաղվում է ինստիտուտում կամավորական աշխատանքների համակարգմամբ:

 

«Այս օերին տեղի ունեցողը տարբերվում է երկու տարի առաջվա դեպքերից: Իրականում պատմությունը կարծես կրկնվի, կարծես նույն բանն ենք ապրում, նորից նույն կազմակերպչական հարցերը, նորից նույն հարցերն էին տալիս ուսանողները, բայց մենք երկու տարի առաջ ավելի ոգեւորված էինք, ավելի շատ էինք հավատով լցված, վստահ էինք, որ հաղթելու ենք:

Լավ օրից չէ, որ այս հարցերով փորձառու ենք դարձել, ես շատ կուզեյի, որ այս հարցով ոչ ոք փորձառություն չունենար»,- պատմում է Անահիտը:

 

Նրա խոսքով, հավաքված սնունդն ու իրերը առաջնագիծ ուղարկելու համար արդեն հստակ մեխանիզմ է մշակվել, որը անխափան գործում է. «Մենք ունենք ուսանողներ, ովքեր արմատներով հենց Վարդենիսից են, եւ հենց նրանց միջոցով ենք օգնությունը փոխանցում: Երեկվանից արդեն երկու մեքենա է ուղարկվել Վարդենիս, այսօր տղաները հետ են գալիս, որ նորից հավաքեն ու նորից մեկնեն: Ուսանողները բաժանվել են տարբեր խմբերի, քաղաքի տարբեր հատվածներում բաներ են հավաքում, որը կենտրոնացնում ենք այստեղ: Իհարկե կարդացել ենք հայտարարությունները, որ օգնության կարիք չկա եւ այլն, բայց քանի որ խոսում ենք եւ հասկանում ենք, որ առնվազն տաք հագուստի եւ այլ բաների կարիք կա, այդ պատճառով որոշեցինք ինքնակազմակերպվել եւ թեկուզ ինչ-որ փոքրիկ ներդրում ունենալ»:

2020-ին թատերականում կազմակերպվել էր զինվորների համար թիկնոցների, քողարկիչների պատրաստման գործընթաց: Այս տարի, սակայն, դեռեւս հայտնի չէ, արդյոք նման բան անելու կարիքը կլինի, թե ոչ:  «Նախաձեռնության հեղինակը Նարեկ Շահվերդյանն էր: Հենց ԲՈՒՀ-ի ներսում պատրաստում էինք եւ ուղարկում էինք սահման: Այս պահին Նարեկը գտնվում է առաջնագծում` Վարդենիսում»,- պատմեց Անահիտը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest