Ադրբեջանը Սոթքից Գորիս եռօրյա ռազմական ագրեսիայով կատարեց իր բոլոր ռազմական խնդիրները, ինչից հետո սահմանագոտում պահպանում է հարաբերական կայունություն։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ դիմաց կարող էր Բաքուն որոշում կայացնել դադարեցնել մարտական գործողությունները։

«Իր նպատակն էր վնաս պատճառել հայկական ռազմական օբյեկտներին և բարելավել տակտիկական դիրքերը։ Քաղաքական նպատակն էր վիժեցնել Բրյուսելի բանակցային գործընթացը։ Եվ քաղաքական, և ռազմական նպատակներին Ադրբեջանը հասավ։ Դրա համար համաձայնվեց կրակի դադարեցմանը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Սեպտեմբերի 13-ին կեսգիշերից սկսած ադրբեջանական զինուժը հարվածներ էր հասցնում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական օբյեկտներին։ Հայկական կողմը հայտնել է 105 զինծառայողի զոհվելու մասին, նույնականացվել է գերության մեջ հայտնված երեք զինծառայող, տարածքային փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Այս օրերին Հայաստանի 3 մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հակված չէ այն պդնումներին, թե այս ռազմական էսկալացիայով Ադրբեջանը ցանկանում էր Հայաստանի սուվերեն տարածքով անցնող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վերցնել։

«Նման գործողութունը պահանջում է ռեսուրսներ, որն Ադրբեջանը չունի։ Ռազամական առումով Սյունիքի դեմ Ադրբեջանը կարող էր օգտագործել չորս բրիգադ Նախիջևանի կողմից, չորս բրիգադ Քելբաջարի և չորս բրիգադ էլ Կուբաթլու-Լաչին հատվածներից։ Այդ ուժերը բավարար չէին, որպեսզի կարողանային Հայաստանի տարածքի օկուպացիայի խնդիր լուծեն։ Եթե փորձեին նման խնդիր դնեին, լուրջ պարտություն կկրեին, որովհետև Հայաստանի ռեսուրսները բավարար են Սյունիքում պարտության մատնեին Ադրբեջանին»,-ասաց նա նշելով, ոև թեև պաշտոնական տեղեկատվության բացակայությանը Ադրբեջանն այս երեք օրերի ընթացքում դիրքային առավելություն է ունեցել։

«Տեղերից հայտնում են, որ դիրքային առավելություն ունեցել Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում։ Գրավել է մեր դիրքերը և որոշ հատվածներում հաջողվել է անցնել ավելի խորը ՀՀ տարածք, դիրքավորվել գերիշխող բարձունքներում։  Պաշտպանության նախարարությունն այստեղ հպարտանալու բան չունի՝ ինչը տրամաբանական է, ըստ իս, հաշվի առնելով, թե ով է Պաշտպանության նախարարը Հայաստանում։ Այո, մեր Զինված ուժերը դիմադրություն ցուցաբերել են, բայց քանի որ, առհասարակ,  մեր պաշտպանությունը շատ թույլ է կազմակերպված, մենք չունենք երկաթբետոնե կրակային կետեր, որոնք կապահովեն մեր զինվորների անվտանգությունը, չունենք կառուցված այնպիսի պաշտպանական շրջաններ, ինչպիսին օրինակ եղել է հայ-թուրքական սահմանում։ Արդյունքը բերեց նրան, որ մենք ունեցանք ցավալի կորուստներ, որոնք կարող էին չլինեին, բայց քանի որ մեր զինվորները շատ պրիմիտիվ խրամատներում են մարտական գործողությունները վարում և ինժիներական պաշտպանվածությունը շատ ցածր մակարդակի վրա է, վատ է կազմակերպած առաջնագծի համար օժանդակությունը՝ հրետանու և հրթիռային։ Քաղաքական իշխանությունն առհասարակ չունի Սյունիքի և հայաստանի պաշտպանության ծրագիր կամ տեսլական»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest