Այն  տարածքում, որտեղ վիրավորվել է Մեսրոպը, միակ մարդն է եղել, որ ողջ է մնացել

Մեսրոպ Թադեւոսյանը արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելուց, ծանր վիրավորվելուց եւ ապաքինվելուց  հետո  ընդունվել է Երեւանի պետական համալսարանի  «Միջազգային հարաբերություններ »-ի ֆակուլտետ, այժմ երկրորդ կուրսի ուսանող է: Սկզբում ցանկացել է մեկնել ՌԴ`այնտեղ ուսանելու, սակայն պատերազմից  հետո որոշումը փոխել է եւ մտածել, որ պետք է օգտակար լինի սեփական երկրին, ազգանվեր գործ անի, որպեսզի հետագա սերունդները  չտեսնեն ու չապրեն այն ամենն, ինչ ինքն ու իր ընկերները տեսան:

«Ես մեկ ամիս է, ինչ ծառայում  էի  Խոջալուում, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում  էի  Իվանյանի զորամասում, հետախուզությունում, պատերազմի ժամանակ դուրս էինք գալիս, համարյա ամբողջ Արցախով ման էինք գալիս, որ կետերում, որ թեժ էր, գնում, կռվում էինք: Եղել ենք Ակնայում, Վարանդայում, Կարմիր շուկայում, իսկ Մարտունի  2-ում վիրավորվել եմ: Դրանից հետո տղաները շարունակել են կատարել իրենց մարտական առաջադրանքները, իսկ ինձ վիրավոր վիճակում տեղափոխել են Երեւան: Ստացել էի բեկորային վնասվածքներ:  Քանի որ ես մեկ ամսվա զինծառայող էի , կարող էի չգնալ, սակայն այն միտքը, որ ինչ անում ենք, մեր երկրի համար ենք անում, ուղեկցում էր  ինձ  թեժ  կետեր: Հոկտեմբերի 23-ին են ինձ  բերել Երեւան»,- ասում է  Մեսրոպը:

Մինչեւ պատերազմի սկսվելը, ըստ Մեսրոպի, իրենք նախավերջին  օրն  իմացել են, որ վիճակը լարված է, իսկ պատերազմի սկսվելու օրն  եղել են Ակնայում, երբ արկերի տեղատարափ է սկսել:

Մեսրոպի հայրը`Լեւոնը, փոխգնդապետ է, եւ պատերազմը սկսվելու օրը եկել է որդու  մոտ  եւ  բերել  առաջին  անհրաժեշտության  իրերը:

«Երբ հայրս եկավ, հարցրեց, թե տղա ջան, դու արյունից վախենո՞ւմ ես, ես էլ պատասխանեցի`  ոչ:  Ինքը նայեց աչքերիս մեջ, ասաց`ես հպարտ եմ, որ դու իմ տղան ես, դու ես մեր տունը պահում: Եվ այդ ամեն ինչը լսելուց, հասկանալուց հետո էլ չենք մտածել նահանջի մասին, մենք գնացել ենք կռվելու, մեր հողը պաշտպանելու »,- հիշում է պատերազմի մասնակիցը:

Պատերազմի դադարեցման մասին լուրը լսելիս նա  առաջինն ուրախության զգացում է ապրել: Նույն զգացումն են ապրել նաեւ ընկերները:

«Ես հիմա մտածում եմ, որ պարտադիր չէ միայն զենքով կռվել ռազմի դաշտոււմ եւ զենքով պաշտպանել սեփական հողը`զոհեր տալով: Ցանկալի է, որ այդ հարցերը լուծվեն խելքով եւ թուղթ ու գրիչով»,- կարծում  է Մեսրոպը:

Այն  տարածքում, որտեղ վիրավորվել է Մեսրոպը, միակ մարդն է եղել, որ ողջ է մնացել եւ ծանր վիճակում  տեղափոխվել հիվանդանոց:

Մեսրոպը  հիշում  է. «Սկզբում ես իմ ընկերների զոհվելու մասին չեմ իմացել, մտածել եմ, որ վիրավոր են, հետագայում, երբ իմացել եմ, որ զոհվել են, չէի կարողանում նրանց հարազատներին հայտնել այդ լուրի մասին: Մեզ հարվածել էր ինքնաթիռը, ես արթնացել եւ տեսել եմ, որ վառվում եմ: Մյուսների զոհվելու մասին լուր չեմ ունեցել »:

Որքանո՞վ է պատերազմի մասնակցին  հաջողվել վերաինտեգրվել հասարակությանը պատերազմից հետո:

Մեսրոպն ասում է, որ իր համար էլ անչափ ծանր է այդ թեմայով խոսելը, պարզապես ամեն ոք պետք է փորձի գտնել այն սխալները, որոնք եղել են անցած տարիների ընթացքում եւ հանգեցրել պատերազմի: Պատերազմից  հետո, իր ասելով, բարդույթներ  չի  ունեցել,  չի ցանկանում, որ իրեն վերաբերվեն որպես պատերազմի մասնակցի, քանի որ համարում է, որ ինքն իր պարտքն է կատարել հայրենիքի առջեւ:

Թագուհի Հակոբյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest