ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան, հայտնել է կազմակերպության Միացյալ շտաբի պետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ առաքելություն ուղարկելու առաջարկն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այն աջակցություն է ստացել կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից։

Նախօրեին  ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։

Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest