Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Ինչպես մենք վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունից, վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest