Առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեևոն Երանոսյանի և ևս երկու բարձրաստիճան զինվորականի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, սեպտեմբերի 1-ին ընդդատության կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից հանձնվել է նոր ձևավորված դատարանին: Այս պահին դատական գործը դեռևս դատավարության փուլում է, պարբերաբար քննարկվում են միջնորդություններ, որոնցից մեծ մասը վերաբերում է խափանման միջոցը փոխելուն: Թեև գործով անցնող չորս ամբաստանյալները ստորագրությամբ ազատության մեջ են, սակայն պաշտպանական կողմը միջնորդում է, որ վերացվի Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, որ վերջինս կարողանա բուժման նպատակով դուրս գալ երկրից: Հիշեցնենք՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ` ռազմական ոստիկանության /վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար: Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին: Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկակացուցչի կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրինքով սահմանված կարգով ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք:Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանսոյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, բացի այդ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/551864.html

© factor.am

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest