Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պարտադիր զինվորական ծառայությունից 24 մլն դրամով ազատվելու նախագծի շուրջ առկա քննադատություններին։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը իր իսկ կառավարության գաղափարն արդարացնելու համար վկայակոչել է  նախկին իշխանությունների օրոք առկա այն արատավոր երևույթը, երբ միայն աղքատ ընտանիքների տղաներն էին ծառայում առաջնագծում։ Փաշինյանն, ըստ էության, սա որպես հիմնավորում է ներկայացնում իրենց շրջանառած նախագծի համար։

«Այնպիսի տպավորություն է, որ այդ օրենքը մինչև հիմա, որ չկար բոլորն առանց սոցիալական շերտավորման բանակում ծառայում էին, որևէ սոցալական շերտավորում չկար։ Եկեք խոստովանեք, որ մի X պահի բանակում ծառայում էինք և մարտական հերթապահություն հայտնվում էին սոցալապես ամենա անապահով խավի ներկայացուցիչները»,-կառավարությունում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի արդարացումները սուր քննադատում է՝ օրինակը համարելով այլանդակություն։

«Շատ վատ բան է ասել։ Իրենք մտածում են, որ ցանկացած այլանդակություն վատ է նրանով, որ օրինականացված չի։ Հիմա բանակից ազատվելու կաշառքն օրինական են սարքում։ Օլիգարխիան այլանդակ երևույթ է, հայտարարում են սեփականատեր, ասում ես օլիգարխ չկա։ Այսպես պիտակներ կպցնելով սոցիալական խնդիրներ չեն լուծվում»,-ասում է քաղաքագետը։

Քաղաքագետը տարակուսած է՝ ինչպե՞ս վարչապետը չի մտածում, որ բանակը համախմբման խորհրդանիշ է, այնտեղ պետք է ծառայեն և սոցիալապես անապահով, և ապահով ընտանիքների տղաները, որպեսզի գիտակցեն միասնության կարևորությունը հայրենիքի նկատմամբ։

«Բանակը բանվորական գյուղացիական բանակ էր դարձել նախկինների օրոք, խայտառակ բան էր, բայց պետք է փոխվի այդ իրավիճակը, պետք է դառնա համաքաղաքացիական, ազգային բանակ, որը նաև սոցիալական մեծ գործիք է։ Տարբեր սոցիալական խավերի մարդիկ գնալով բանակ սովորելու են, որ իրենք հայրենակիցներ են, եղբայր են, որ իրենք ունեն ընդհանուր նպատակներ։ Այսինքն՝ սոցալական համաերաշխություն է մտցվում մարդկանց մեջ։ Իսկ հիմա նորից ուզում են բանվորագյուղացիական բանակ անել։ Այո, այդ երևույթը եղել է, որ ինքն ասում է, բայց հեղափոխությանը երևի նրա համար էր, որ ավելի արդար երկիր լիներ։

Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ էլի աղքատներն են ծառայելու։ Այն ժամանակ, եթե հարուստների տված փողերը գնում են գեներալների ջեբը, հիմա գնալու են բյուջե, դրանով մենք ավելի լավն ենք, քան նախկինները։

Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ ինքը կարող է մնալ իշխանության գլուխ, քանի որ որոշ սոցիալական խավեր իրեն աջակցում են՝ այդ թվում օլիգարխիկ խավը։ Նա նաև աջակցություն ունի Ռուսաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից»,-ասաց քաղաքագետը։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest