Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին:

Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը մղում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար:

Մենք Բայդենի վարչակազմին կոչ ենք անում նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում այդ մահաբեր հարձակումներից հետո: Այս հակամարտությունն ընդգծում է միջազգային դերակատարների կողմից նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի մարդու իրավունքների խախտումները և բարեխղճորեն վերադառնա բանակցությունների սեղան:

Բացի այդ, մենք կարևորում ենք Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների կառավարության և Ձեր վարչակազմի միջև պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելուն և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ աշխատանքին Արցախի վերափոխման ուղղությամբ:

Եւս մեկ անգամ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները այս կարևոր օրվա առթիվ: Մենք ամբողջապես աջակցում ենք ձեր երկրին»:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest