Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) արտահերթ զեկույցը,այն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Զեկույցի առաջին բաժնում ներկայացվել են փաստեր Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգված և շարունակաբար իրականացվող հանցագործությունների վերաբերյալ։

Հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից կատարվել է մարդկային և նյութական խոշոր վնասի հասցրած ավելի քան 112 հանցագործություն, որի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական և 15 զինվորական անձ, սպանության փորձի ենթարկվել 126 անձ (48 քաղաքացիական, 78 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել կամ բռնության է ենթարկվել 65 անձ (14 քաղաքացիական, 51 զինվորական)։

Երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող (Լաչինի) միջանցքի կենսական նշանակությանն ու դրա իրավական ռեժիմի փոփոխության անթույլատրելիությանը, ինչպես նաև միջանցքով անցնող երթուղին Եռակողմ հայտարարությամբ սահմանված ժամկետից շուտ փոփոխելու Ադրբեջանի կողմից ներկայացված անօրինական պահանջին։

Երրորդ բաժինը անդրադարձել է ուժի կիրառման սպառնալիքի ներքո խաղաղ բնակավայրերի՝ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հայաթափմանը, դրա հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին:

Չորրորդ բաժնում ներկայացվել են ապացույցներ օգոստոսյան էսկալացիային զուգահեռ Ադրբեջանի պետական պաշտոնյանների, հանրային գործիչների կողմից հայերի դեմ ուղղված ատելության խոսքի և հայատյացության այլ դրսևորումների կտրուկ աճի վերաբերյալ։

Զեկույցի հինգերորդ բաժնում անդրադարձ է կատարվել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հստակեցման անհրաժեշտությանը, որը արդյունավետ մեխանիզմներ կապահովվի հրադադարի ռեժիմի խախտումներին պատշաճ հակազդելու և լիարժեք խաղաղություն ապահովելու համար։

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, քաղաքացիական բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest