2020թ. արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված՝ պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով «armlur.am» կայքում օգոստոսի 25-ին հրապարակված տեղեկությանը, որում նշված է, որ դատարանում գտնվող մի քրեական վարույթով պետական դավաճանություն կատարելու մեջ մեղադրվող Ա. Սարդարյանը դատարանի որոշմամբ արդարացվել է:

«Ի գիտություն «հավաստի աղբյուրներին» հղումներով հրապարակումները հալած յուղի տեղ ընդունող լրատվամիջոցների՝ հարկ եմ համարում նշել, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը):

2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քրեական վարույթից Ա. Սարդարյանի մասն անջատվել է և 2022թ. հունիսի 17-ին ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2022թ. հունիսի 30-ին դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա. Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը, որոշել է կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

Այլ կերպ ասած՝ քրեական այս վարույթով դատական քննությունը շարունակվում է, իսկ Ա. Սարդարյանը կալանավորված է»,- գրել է Աբրահամյանը:

Pin It on Pinterest