Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ու վիրավորում ստացած անձանց ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու որոշման նախագիծը,համաձայն որի՝ նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև` անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն։

Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած քաղաքացիները կստանան մինչև 300 000 դրամ աջակցություն, բայց միայն այն դեպքում, եթե հիվանդանոցային բուժում են ստացել։ Ընդ որում, մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։

Պետական աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։

Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest